Երեկ Հայաստանի քաղաքական դաշտում անեկդոտային զարգացում է տեղի ունեցել: «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին` ասելով, որ չնայած այս տարիների ընթացքում բաեփոխումներին, այնուհանդերձ չի հաջողվել ՕԵԿ-ի նախընտրական ծրագիրն իրականացնել և հիմա որոշել են ընդդիմություն դառնալ: Սա արդեն ՕԵԿ-ի երրորդ անգամ ընդդիմություն դառնալն է:
ՕԵԿ-ը առաջին անգամ ընդդիմություն էր մինչև 2003 թվականը, հետո մաս կազմեց իշխող կոալիցիային և ստացավ ԱԺ նախագահի պաշտոնը: Սակայն երեք տարի հետո Ռոբերտ Քոչարյանի հետ հակասությունների արդյունքում ՕԵԿ-ը երկրորդ անգամ դարձավ ընդդիմություն, այս անգամ նույնիսկ դավաճան: Այդպես որակեց Արթուր Բաղդասարյանին Ռոբերտ Քոչարյանը՝ Մեծ Բրիտանիայի դիվանագետի հետ թեյելու ընթացքում գաղտնալսված զրույցի հրապարակումից հետո: 2008 թվականի նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը մասնակցեց որպես ընդդիմություն, սակայն այդպես էլ չմիացավ կեղծիքների դեմ պայքարող ժողովրդին և փետրվարի 29-ին Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմեց ու ստացավ ԱԽՔ պաշտոնը, իսկ այդ կոալիցիայի հաջորդ օրն իսկ եղավ Մարտի 1-ի գրոհը հասարակության դեմ և արյունահեղությունը Երևանի կենտրոնում:
Եվ ահա, այսօր ՕԵԿ-ը երրորդ անգամ դառնում է ընդդիմություն: Խնդիրը ՕԵԿ-ը չէ, որովհետև մեծ հաշվով ոչ մեկին այլևս հետաքրքիր չէ, թե ինչ է դառնում ՕԵԿ-ը, առավել ևս, որ գրեթե բոլորի համար ՕԵԿ-ը շատ վաղուց դարձել է խիստ որոշակի մի բան: Խնդիրն այստեղ այն է, որ ՕԵԿ-ի, այսպես ասած, ընդդիմացումները և իշխանացումները ուղեկցվում են կամ զուգահեռվում են Հայաստանի քաղաքական կյանքում կարևոր փուլերի հետ: Եվ հատկապես վերջին արյունահեղությունը նկատի ունենալով` ըստ էության մենք այսօր իրավամբ կարող ենք հարց տալ՝ ինչ է նախապատրաստվում Հայաստանի քաղաքական դաշտում այս անգամ ՕԵԿ-ի ընդդիմացումով: Որովհետև, ըստ էության, արդեն երկրորդ քաղաքական ուժն է նետվում ընդդիմության դաշտ, որը անմիջականորեն պատասխանատու է Մարտի 1-ի արյան համար:
ԲՀԿ-ից հետո այս դաշտում հայտնվում է ՕԵԿ-ը: Իսկ հայաստանյան ներկայիս քաղաքական իրավիճակը, խոշոր հաշվով, ըստ էության հանդիսանում է Մարտի 1-ից հետո ձևավորված արդյունք, և երբ Մարտի 1-ի պատասխանատու ուժերի շրջանակներում տեղի են ունենում նման տրանսֆորմացիաներ, ապա սա իսկապես մտորումների տեղիք է տալիս և վկայում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական իրավիճակը մտնում է արդեն լիովին մի նոր փուլ:
Եվ քանի որ նոր փուլ է մտնում ոչ միայն Մարտի 1-ը չբացահայտված, այլ նաև ըստ էության պատասխանատուների մի մասին, այսպես ասած, ընդդիմադիր կարգավիճակ հատկացրած, ապա սա ուղղակիորեն վտանգ է ներկայացնում ժողովրդի և պետության դեմ համանման հանցագործությունների կրկնության առումով: Հատկապես եթե նկատի առնենք, որ կրկնահանցագործությունը հայաստանյան իշխանական համակարգի համար վաղուց խորթ երևույթ չէ:
Եվ այս ամենով հանդերձ` հետաքրքրական է նաև այն, որ թափուր է մնում անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Եվ թեև այս պաշտոնն, ըստ էության, Հայաստանում չունի էական նշանակություն և ֆունկցիոներական հարթակ է, այնուհանդերձ իշխանական կարկանդակի յուրաքանչյուր բաց կտոր Հայաստանում դառնում է բավական ցանկալի ու համեղ պատառ, և սկսվում են ինտրիգներ այդ պատառի համար: Առավել ևս, որ խնդիրը հենց համակարգային, փաթեթային լուծումների շրջանակում է ակնհայտորեն:











































