Մարքեթինգի գուրու Ֆիլիպ Կոտլերը նախատեսում է Հայաստանում հիմնել մարքեթինգի տարածաշրջանային կենտրոն: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կոտլեր Իմփեքթ» ընկերության ղեկավար Ֆահիմ Կիբրիան փոխանցեց Ֆ. Կոտլերի հաղորդագությունը, որում վերջինս ասում է, որ Հայաստանը կարիք ունի իր սեփական տնտեսական զարգացման հայեցակարգի մշակման:
«Առաջին լրատվականի» հարցին, թե ինչու է հենց Հայաստանն ընտրվել որպես տարածաշրջանային կենտրոն՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբջանի հետ ՀՀ հարաբերությունները, Ֆ. Կիբրիան պատասխանեց, որ նախ մեր երկրում լավ հիմքերի վրա է դրված կրթությունը, Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունի Իրանը, որն իրենք լավ շուկա են դիտարկում:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերից կսկսվի մարքեթինգային արշավ` կկազմակերպվեն դասընթացներ, թոք-շոուներ, խորհրդաժողովներ, իսկ նոյեմբերի 9-ին այստեղ կդասախոսի նաև ԱՄՆ Հյուսիս-Արևմտյան համալսարանի Ջ. Քելոգի մենեջմենթի Բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերը, ով տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մասնագիտական լսարանին առաջին անգամ կներկայացնի «Marketing 3.0. Profitability. Returnability. Sustainability» կոնցեպցիան:
Նախատեսվող միջոցառումներին կմասնակցեն ավելի քան 2000 հոգի՝ մարքեթինգի և մենեջմենթի մասնագետներ, գործարարներ Հայաստանից և այդ առիթով հատուկ Հայաստան ժամանող ավելի քան 500 հյուրեր Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Ղազախստանից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Ավստրիայից և այլ երկներից:






































