ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թե՛ ինքը, և թե՛ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը լավ հարաբերությունների մեջ են քրդերի հետ:
«Ես ցանկանում եմ ասել, որ մենք լավ հարաբերությունների մեջ ենք քրդերի հետ, մենք հաջողությամբ պայքարել ենք նրանց հետ ԻՊ-ի դեմ… Եվ ես կարծում եմ, որ նախագահ Էրդողանը լավ հարաբերությունների մեջ է քրդերի հետ: Շատ քրդեր են հիմա ապրում Թուրքիայում, և նրանք այնտեղ երջանիկ են»,- ասել է Թրամփը՝ թուրք առաջնորդի հետ Վաշինգտոնում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:
Հոկտեմբերին Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ էր սկսել քրդական խմբավորումների դեմ: Ավելի ուշ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց 120 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել քրդական խմբավորումները Թուրքիայի և Սիրիայի սահմանին 30 կիլոմետրանոց բուֆերային գոտուց, որը Անկարան մտադիր էր ինքնուրույն վերահսկել: Ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը լիովին չի կատարել իր պարտավորությունները Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի շուրջ պայմանավորվածությունների շրջանակներում, և Անկարան պատրաստ չէ փոխհամաձայնության գալ: