Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հարցազրույց է տվել Die Welt պարբերականին: Խոսքը հիմնականում վերաբերվել է Վրաստանի` ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը, մասնավորապես`ԵՄ-ի հետ Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը:
«Մեզ համար Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հետ ամեն ինչ ոչ թե ավարտվում, այլ նոր է սկսվում: Մեզ համար դա մեծ հաջողություն է և կարծում եմ, որ նույնը ԵՄ համար»,- ասել է Փանջիկիձեն:
Նրա խոսքերով` «Վրաստանը ձգտում է ոչ միայն ԵՄ, այլև ՆԱՏՕ: Եթե ՆԱՏՕ-ն հստակ արտահայտեր իր դիրքորոշումը, մեզ համար, մեր երկրի անվտանգության համար դա շատ կարևոր կլիներ»: Փանջիկիձեն հասկացրել է, որ Վրաստանի համար ՆԱՏՕ մտնելը երկարաժամկետ նպատակ է, իսկ մոտ ապագայում երկիրը միայն «մերձեցման» հույս ունի:
Նա նաև ընդգծել է, որ Վրաստանի այս ձգտումը պետք չէ դիտարկել որպես ագրեսիա Ռուսաստանի դեմ: «Մենք մեր կողմից անում ենք ամեն հնարավոր բան` Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը մեղմացնելու համար: Մենք չենք դադարեցնում Ռուսաստանի հետ երկխոսությունը»,- նշել է ԱԳ նախարարը:











































