Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը կարծում է, որ կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է կարևոր հանդիպումներում խաղն իր վրա վերցնել: Ֆրանսիացի մասնագետը նաև ընդգծել է, որ «Արքայական ակումբ»-ն ի զորու է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչի «Բարսելոնա»-ի դեմ մրցավեճում հաղթանակ տոնել` նաև առանց Քրիշտիանու Ռոնալդուի:
«Ես չեմ ցանկանում ճնշում գործադրել Գարեթի վրա, բայց նա արդեն ներդրվել է թիմում: Բեյլը կարող է ցույց տալ, թե որքան յուրահատուկ ֆուտբոլիստ է: Գարեթը կարող է հաղթահարել ճնշումը և կարևոր հանդիպումներում խաղն իր վրա վերցնել, ինչպես դա անում է Քրիշտիանու Ռոնալդուն:
Քրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց մեր խաղացողներից ոչ ոք չի մտածում, թե առանց նրա հաղթելը հնարավոր չէ: Իհարկե, բոլորս էլ կցանկանայինք, որ նա լիովին առողջ լիներ, բայց «Ռեալ»-ը զորեղ թիմ է նաև առանց Ռոնալդուի և կարող է հաղթահարել վնասվածքներից ու որակազրկումներից առաջացած խնդիրները»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Football Direct News-ը:






































