Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած «Երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի ցանկը, ձևերը և օգտագործման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են միջազգային հաղորդակցության ուղևորագնացքների տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգի ներդրմամբ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ՍՊԸ հետ միատեսակ ուղևորային փաստաթղթեր ունենալու անհրաժեշտությամբ։
Ակնկալվում է, որ նոր համակարգի ներդրումը կնպաստի տոմսերի վաճառքի ժամանակի զգալի կրճատմանը, ուղևորների սպասարկման որակի բարձրացմանը, տոմսերի էլեկտրոնային վաճառքի կազմակերպմանը։
Փոփոխություններ կատարելով հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացմանն ուղղված իր երկու որոշումներում՝ գործադիրը դրանցից առաջինով հստակեցրել է հողատարածքների, շենքերի և շինությունների, բիզնեսի օտարման և տարաբնակեցման փոխհատուցման սկզբունքները, մյուսով՝ որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու գործընթացի բնականոն իրականացումը, ինչպես նաև գույքի օտարման հետևանքով ազդեցության ենթակա անձանց օրենքով սահմանված փոխհատուցման ապահովումը։









































