Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության մասին տարեկան զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը աննախադեպ առաջընթաց է գրանցել և Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը:
Այս փաստը բավականին ուրախացրել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2017 թվականին Հայաստանը մասամբ ազատ համացանց ունեցող երկրների շարքում էր: «2018 թվականին ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, հեղափոխության արդյունքում Հայաստանը հայտնվեց ազատ համացանց ունեցող երկրների շարքում, զբաղեցնում էր 13-րդ տեղը, բայց տարածաշրջանում զիջում էր Վրաստանին: Այս տարվա արդյունքներով մենք տարածաշրջանում առաջատարն ենք և տեղ ենք զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների ութնյակում»,- գրել է վարչապետը։
Զեկույցի հեղինակները նշում են, որ «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են: Նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Freedom House-ի զեկույցը օբյեկտիվ է։ Իրավապաշտպան կազմակերպությունը գնահատում է հնարավորությունները և իրողությունը, օգտատերերի՝ համացանցից օգտվելու և ազատ արտահայտվելու հնարավորությունը։ «Այս առումով Հայաստանը շատ առաջ է ընկել և պետք է ընդունել, որ դրա վառ արտահայտումը հենց թավշյա հեղափոխությունն էր, որը իսկապես իրականացվեց համացանցի և օնլայն լրատվամիջոցների շնորհիվ։ Այս գործընթացը, իհարկե, չէր կարող չգնահատվել, չնկատվել միջազգային կառույցների կողմից։ Այն հանգամանքները, որոնք զեկույցի հեղինակները նշել են, այն է՝ բռնությունների բացակայությունը, ինտերնետի հասանելիությունը, բովանդակության վրա իշխանությունների ազդեցության բացակայությունը։ Սրանք այն էլեմենտներն են, որոնց հիման վրա ձևավորվել է վերջնական գնահատականը»,- ասաց Մելիքյանը։
Ըստ մեր զրուցակցի, այլ հարց է, որ այդ ազատությունից օգտվում են շատերը, և հաճախ բանը հասնում է սանձարձակության, բայց դա արդեն միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատման չափորոշիչների մեջ չի մտնում։ «Կարծում եմ, որ այդ սանձարձակության դրսևորումները նկատել են նաև միջազգային կառույցում և եթե դա չլիներ, գուցե համացանցի ազատությունն էլ ավելի բարձր գնահատվեր, բայց Freedom House-ի համար կարևորը ինտերնետ տիրույթի հասանելիությունն է, դրանից օգտվելու հնարավորությունները, սահմանափակումների բացակայությունը և բովանդակության վրա իշխանության ազդեցություն չունենալը։ Դրա համար, ես կարծում եմ, որ գնահատականը օբյեկտիվ է»,- ընդգծեց ԽԱՊԿ նախագահը։
Ինչ վերաբերում է համացանցում առկա սանձարձակությանը, ատելության խոսքի քարոզին, ապա արդեն պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ «Մենք գիտենք, որ զարգացած ժողովրդավարական երկրները այդ խնդիրների առաջ ևս կանգնած են և առաջին քայլերն են անում։ Մենք պետք է տեսնենք, թե այդ քայլերը ինչ արդյունք են տալիս, արդյոք դրանք չեն վնասում խոսքի ազատությանը։ Պետք է սպասել, տեսնել՝ ինչ արդյունք է լինում։ Առաջ ընկնելով՝ կարող ենք սխալվել։
Զարգացած երկրների փորձը մեզ թույլ կտա զերծ մնալ սխալներից։ Եթե նրանք հիմա սխալվեն, մենք ապագայում հնարավորություն կունենանք շրջանցել այդ սխալները։ Եթե նրանք հաջողվի միջոցներ ձեռնարկել համացանցում գտնել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն ատելության խոսքի քարոզը, ատելության խոսքի տարածումը, ապա մենք կարող ենք այդ փորձը կիրառել նաև մեզ մոտ։ Բայց առայժմ այդ ուղղությամբ դեռ գործնական քայլեր չկան»,- եզրափակեց Մելիքյանը՝ ավելացնելով, որ ատելության խոսքի այս դրսևորումները, անհանդուրժողականության դրսևորումները աստիճանաբար «կնստեն», իսկ եթե դա չարվի, ապա կարիք կլինի արդեն օրենսդրական կարգավորման։









































