«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հայաստանի նոր վարչապետի ու կառավարության նշանակումից հետո որոշակի փոփոխություններ կլինեն նաև մեր երկրի դիվանագիտական կորպուսում: Մասնավորապես, արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը նշանակվելու է ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը: Իսկ ՄԱԿ-ում ՀՀ գործող դեսպան Կարեն Նազարյանը, մեր տեղեկություններով, կնշանակվի փոխարտգործնախարար՝ Զ.Մնացականյանի փոխարեն:
Հիշեցնենք, որ Զ.Մնացականյանը երկար տարիների պրոֆեսիոնալ դիվանագետ է, նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ արտգործնախարարությունում և դիվանագիտական կորպուսում: Իսկ փոխարտգործնախարար նշանակվելուց առաջ նա Եվրոպայի խորհրդում՝ Ստրասբուրգում, եղել է ՀՀ մշտական ներկայացուցիչը:











































