Կայացան Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին հանդիպումները: Երկու հանդիպումներն էլ դիտարժան ու գոլառատ ստացվեցին:
Բրազիլիայի ընտրանին վերջապես արթնացավ ու ցուցադրեց այն ֆուտբոլը, որին սպասում էին աշխարհի հնգակի չեմպիոնների բազմամիլիոն երկրպագուները: Հանդիպման 29-րդ րոպեին հաշիվը բացեց Պատոն։ 8 րոպե անց Էկվադորի թիմին հաջողվեց հավասարեցնել այն, աչքի ընկավ Կայսեդոն: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 5 րոպե անց արդեն Նեյմարն առաջ մղեց բրազիլացիներին, սակայն 59-րդ րոպեին նույն Կայսեդոն կրկին հավասարեցրեց հաշիվը:
Ապա սկսվեց բրազիլական ներկայացումը: Նախ 61-րդ րոպեին Պատոն խփեց իր երկրորդ գնդակը, հետո՝ 72-րդ րոպեին Նեյմարը հաշիվը դարձրեց 4:2, իսկ խաղավարտին մոտ Ռոբինյոյի հրաշալի գոլը չհաշվվեց եզրային մրցավարի կոպիտ սխալի պատճառով: Բրազիլիան վստահ հաղթանակ տոնեց և առաջին տեղով դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Պարագվայի հետ:
Մյուս խաղում Պարագվայի և Վենեսուելայի հավաքականները նույնպես 6 գնդակ ուղարկեցին միմյանց դարպասները, այդուհանդերձ, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Նշենք, որ 90-րդ րոպեին պարագվայցիներն առջևում էին 3:1 հաշվով, սակայն Վենեսուելայի ընտրանուն հաջողվեց մրցավարի ավելացրած ժամանակում երկու գոլ խփել ու հասնել ցանկալի ոչ-ոքի արդյունքին, ինչը նրանց թույլ տվեց խմբում երկրորդ տեղը զբաղեցնել:








































