Ըստ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հրապարակած զեկույցի, միայն 2009-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 54 800 հայ` զբաղեցրել երկրորդ տեղը ՌԴ-ում քաղաքացիություն ստացող տասնյակ ազգությունների շարքում, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն։
Հետազոտության համաձայն, 2005-ից սկսած Ռուսաստանում քաղաքացիություն ստացող հայերի թիվը սկսել է կտրուկ ավելանալ. եթե 2001-ին ռուսաստանյան անձնագիր է ստացել 19 267 հայ, ապա 2005-ին այդ թիվը կրկնապատկվել է, եւս 4 տարի անց՝ եռապատկվել։
Ընդհանուր առմամբ, համադրելով 2001-ից մինչեւ 2009-ը ընդգրկող տվյալները, կարելի է փաստել, որ 9 տարվա ընթացքում 272 հազարից ավելի հայ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։
Զեկույցը տվյալներ է ներկայացնում նաեւ մինչ այդ Ռուսաստանում առկա ազգությամբ հայ բնակչության մասին: Ըստ այդմ` 2002 թվականի դրությամբ, Դաշնությունում ապրել է 481 հազար հայ, սակայն նրանցից ընդամենը մեկ երրորդը՝ 136 հազարն են պահպանել Հայաստանի քաղաքացիությունը։
Հրապարակված զեկույցի համաձայն, Ռուսաստան արտագաղթող տասը ազգությունների ընդհանուր հաշվեկշռում հայերը տոկոսային հարաբերությամբ չորրորդ տեղն են զբաղեցնում։ Առաջին երեք տեղերում են Ուկրաինան, Ուզբեկստանը եւ Ղազախստանը, որոնց բնակչությունը, սակայն, 5-10 անգամ գերազանցում է Հայաստանում պաշտոնաապես գրանցված՝ 3.2 միլիոն բնակչությանը։
ՌԴ-ից բացի, ըստ կազմակերպության տվյալների, արտագաղթող հայերի նախընտրած ուղղություններն են նաեւ Ֆրանսիան, Լեհաստանը, Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Հոլանդիան եւ Հունաստանը։
Հունաստանում, օրինակ, Հայաստանի քաղաքացիություն ունեցող բնակչության թիվը 2000-2009 թվականների ընթացքում ավելացել է շուրջ չորս անգամ՝ մոտ երեք հազարից հասնելով 12 հազարի։ Լեհաստանում հայերն ընդգրկվել են ամենամեծ համայնքներն ունեցող երեք ազգությունների շարքում։
Զեկույցի համաձայն, հայերն ընդգրկվել են նաեւ այլ պետություններում ամենից շատ ապաստան խնդրող աշխարհի 25 ազգությունների շարքում։ Ընդ որում, եթե 2005-ին հայերն այս ցուցակում 18-րդն էին, ապա 2009-ին արդեն դարձել են 16-րդը, քանի որ ապաստան հայցող հայերի թիվը 4 տարվա ընթացքում ավելացել է շուրջ 22 տոկոսով։ Նրանց գրեթե կեսի նախընտրած երկիրը եղել է Ֆրանսիան, որտեղ ապաստան հայցող հայերի թիվը 2003 թվականից սկսել է կտրուկ ավելանալ: Այսպես, եթե 2000 թվականին ցուցանիշը եղել է 405, ապա 2003-ին այն եռապատկվել է, իսկ 2008-ին՝ արդեն հնգապատկվել։
Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը այսօր զեկույցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չներկայացրեց՝ խոստանալով այն հրապարակել հետազոտությանը ծանոթանալուց հետո։










































