Երեկ «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել էր ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին առ այն, որ Շիրակի մարզի Սիզակերտ միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում սովորող Սյուզաննա Հրաչի Միքայելյանը 2005 թվականից գնում է դպրոց, սակայն մինչ օրս հրամանագրված չէ և անցած 8 տարիներին մատյաններում նրա անունը չի գրվել, որովհետև աղջիկն ունի լսողության խնդիր, ձայնալսման ապարատ է կրում:
«Ինչպես ինձ ասաց Սյուզաննայի մայրը, դպրոցը պատճառաբանում է, որ երեխան չի լսում, և չեն կարող գնահատել, այդ պատճառով չեն հրամանագրել: Պարոն Աշոտյան, ինչպե՞ս կարող է երեխան 8 տարի դպրոց գնալ, 9-րդը՝ նույնպես ու չստանա իր կրթության մասին վկայական: Չեմ հասկանում այդ տնօրենին, մի՞թե երբեք չի լսել ներառական կրթության մասին, ինչո՞ւ չի ապահովել երեխայի համար կրթություն ստանալու հնարավորությունն այն դեպքում, երբ Գյումրում գործող թույլ լսողների խնդիրներով ԱԳԱԹ հ/կ–ն պատրաստ էր դպրոցում օգնել երեխային: Այս խնդրի մասին հենց իրենք են ահազանգել»:
Սիզակերտի դպրոցի տնօրեն Վարդան Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Սյուզաննա Միքայելյանը դպրոց սկսել է հաճախել այն ժամանակ, երբ տնօրենն ինքը չի եղել:
«Մենք ոչ ծնողի դիմումն ունենք ներկայացնելու համար դպրոց, պարզապես նախկին տնօրենի ժամանակ է ինքը սկսել հաճախել, իր ծնողը մեր դպրոցում մանկավարժ է: Ինքը հաշվառված չէ մեր դպրոցում, երեխան ոչ լսում է, ոչ խոսում, և համայնքի ղեկավարը պետք է իր վրա այդ պատականությունները վերցնի, ոչ թե ես վեցնեմ ինձ վրա: Ըստ հանրակրթության մասին օրենքի՝ ես կարող եմ այդ երեխային ընդհանրապես դպրոց չթողնել, բայց երեխան կմնա փողոցում, դրա համար երեխային թողել ենք, որ նստի աշակերտների հետ։ Ոչ հաշվառված է, ոչ մատյաններում կա, ոչ հաշվառման մատյաններում, ես 2009-ից եմ տնօրեն»,- ասաց Վարդան Վարդանյանը:
Նա նշեց, որ այս մասին նախ համայնքի ղեկավարը պետք է տեղյակ պահեր մարզպետարանին, և որ դա իր լիազորությունների մեջ չէ:
«Մարզում չկա այդ կարգի դպրոց, Երևանում կա, այնտեղ էլ երեխան առանց ծնողի չի մնա»,- ասաց դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ եթե գան ստուգեն, դա իր համար պրոբլեմ է. «Եթե երեխային չթողնեմ գա՝ կընկնի հիստերիայի մեջ, արդեն գրել կարողանում է, մանկավարժները սովորեցրել են նրան»:
Անահիտ Բախշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցի տնօրենը նախ հայտ պետք է ներկայացներ նախարարություն առ այն, որ ուզում է ներառական կրթություն իրականացնել իր դպրոցում: Դրանից հետ նախարարությունը կազմակերպում է վերապատրաստում Կրթության ազգային ինստիտուտի միջոցով, այնուհետև կառավարության որոշմամբ դպրոցը դառնում է ներառական:
«Ամոթ է, որ դպրոցի տնօրենն այդպիսի բան է ասում, կրթություն կազմակերպելն իր պատականությունն է, թեև համայնքապետն էլ ունի մեծ մեղքը, որ մինչև ութերորդ դասարան թողել են հասնի երեխան առանց հաշվառման: Ակնհայտ է՝ տնօրենը օրենքը չի կարդացել, կրթության քաղաքականությունը չգիտի՝ ինչ ուղղությամբ է գնում: Այսօր Հայաստանում քաղաքականությունը հետևյալն է՝ ֆիզիական և մտավոր խնդիրներ ունեցող երեխան ընտանիքում պետք է լինի, և ամեն ինչ նրա շուրջը պետք է կազմակերպվի: Դպրոցի տնօրենը՝ որպես դպրոցի կազմակերպիչ և կառավարիչ, պարտավոր էր զբաղվել այդ հարցով: Չգիտեմ՝ ինչպես պետք է լուծվի խնդիրը հիմա, նախարարը թող որոշի՝ ինչպես է անելու: Հետևողական են լինելու Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը, որը «վրիպել» է այս խնդիրը, սա իր ուղիղ պարտականութունների մեջ է մտնում, նա նույնպես պատաասխանատու է երեխայի այսօրվա վիճակի համար»,- հավելեց Անահիտ Բախշյանը:









































