Oրեր առաջ տեղի ունեցած մի իրադարձություն հայաստանյան վերլուծություններում կարծես ըստ արժանվույն չվերլուծվեց, չգնահատվեց, թեև այն մեծ ուշադրության արժանի էր:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթընի ելույթը Եվրախորհրդարանում վստահաբար անկյունաքարային էր, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այն՝ որպես ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի ելույթ, առնչվում էր արդեն հետկոնֆլիկտային փուլին, իսկ սա չի կարելի սովորական կամ հերթական-հերթապահ մի ելույթ համարել։
Ք.Էշթընը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեց ԵՄ անունից՝ բազմապատկել ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ և գտնել լուծումը մինչև տարեվերջ. «Ինչ էլ որոշվի այդ բանակցություններում, դա մեծապես նաև ԵՄ-ին է առնչվում… Եվ մենք ուզում ենք առաջընթաց տեսնել Արևելյան հարևանության գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է սեպտեմբերին Վարշավայում: ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը կարևոր ռազմավարական նշանակություն ունի ԵՄ համար: Այն էականորեն կվերափոխի Հարավային Կովկասը»,- ասել էր Էշթընը՝ մանրամասնելով. «Կարգավորումից հետո կարող են բացվել ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի, այլև Թուրքիայի և Հայաստանի միջև առկա սահմանները: Երկաթգծերն ու նավթամուղները կարող են կառուցվել հնարավոր ամենակարճ ճանապարհով և է՛լ ավելի սերտորեն կապել միմյանց տարածաշրջանի երկրները: Եվ ի վերջո, Հարավային Կովկասը կարող է դառնալ այն, ինչ արդեն պետք է որ լիներ՝ կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև»:
Նա հավելել էր, որ պաշտոնական Բրյուսելն արդեն իսկ լուրջ աշխատանք է տանում այս ուղղությամբ, և, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ հետ, նպաստում կողմերի միջև վստահության ամրապնդմանը: «Սակայն մենք կարող ենք ավելին անել»,- դիմելով եվրոպացի պատգամավորներին՝ ասել էր Էշթընը. «Ես համոզված եմ, որ ԵՄ-ն նաև պետք է էական պատասխանատվություն ստանձնի ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու հարցում, երբ գա այդ ժամանակը: Անելու շատ բան կա՝ վերակառուցումից, ականազերծումից, փախստականների ու բռնի տեղահանվածների վերադարձից մինչև տնտեսական վերականգնում և անվտանգության ամրապնդում»: Ամենակարևոր աջակցությունը, սակայն, ըստ Ք.Էշթընի, ԵՄ-ն կարող է տրամադրել՝ է՛լ ավելի ամրապնդելով հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ և խրախուսելով ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումները երկու երկրներում:
Կարգավորման գործընթացում ԵՄ դերակատարությանը տպավորիչ անդրադարձ կատարեց անցյալ ամսվա կեսին ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ով Եվրախորհրդարանում կազմակերպված լսումներում դիմեց ԵՄ-ին՝ հորդորելով մեծացնել դերակատարությունը տարածաշրջանում՝ նշելով, որ ներկայիս փուլում, երբ փորձում են առաջ տանել գործընթացը՝ մեծանում է ԵՄ դերակատարությունը:
«Երբ մենք սկսենք բանակցությունների այս փուլից անցնել խաղաղության շուրջ համաձայնագրի իրագործմանը, գործունեության նոր հնարավորություններ ու դռներ կբացվեն այլ երկրների, այդ թվում՝ ԵՄ համար, որը կարող է էական քայլեր ձեռնարկել կողմերի միջև վստահության ամրապնդման, ժողովուրդների միջև դեմ առ դեմ շփումների, երկխոսության, ինչպես նաև տարածաշրջանի վերականգնման ու վերակառուցման գործում»։
ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող երկրի ներկայացուցչի կողմից սա ըստ էության ԵՄ-ին արթնացնելու մի փորձ էր և իր՝ ուրույն տեղ գրավելու ու պատրաստ լինելու հստակ կոչ:
Որ ղարաբաղյան կարգավորման վճռորոշ փուլ է, այդ մասին վկայեց նախ Կազանի եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան-Բաքու, ապա՝ Վաշինգթոն: Թեև պաշտոնապես ասվեց, թե ՌԴ-ն սպասում է կողմերի պատասխանին, այնուամենայնիվ Լավրովի այցը Վաշինգթոն, թերևս, վկայում է նաև այն մասին, որ Մոսկվա-Վաշինգթոն մակարդակով դեռևս լրջագույն հարցեր քննարկման կարոտ են: Եվ եթե չլուծված-չհամաձայնեցված հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, պարզ է, որ նոր եռակողմ կամ գուցե նույնիսկ հնգակողմ հանդիպման անհրաժեշտություն կառաջանա։
Ինչևէ, այս ֆոնին ԵՄ ակտիվությունը մի կողմից, իսկ մյուս կողմից՝ համանախագահող երկրների ակնկալիքները ԵՄ-ից՝ պատասխանատվություն ստանձնելու ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու հարցում՝ վերակառուցումից, ականազերծումից, փախստականների վերադարձից մինչև տնտեսական վերականգնում և անվտանգության ամրապնդում, հենց այնպես արված հայտարարություններ չեն:
Եթե մինչ այժմ կարող էինք նշել, որ Մոսկվա-Վաշինգթոն մակարդակով կարգավորման հասնելու, կողմերին հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության բերելու հարցերում վերջնական պայմանավորվածություն ու վճռականության կա, ապա հստակ է նաև, որ շահագրգիռ կողմերը ԵՄ դերակատարության հարցում էլ որոշակի պատկերացումներ ունեն և այդ մասին բարձրաձայնում են։
Իհարկե միամիտ կլինի, կանխատեսելով համաձայնության գալու հնարավորությունները, միանշանակ պնդել, թե կողմերը կստորագրեն հիմնարար սկզբունքների շուրջ փաստաթուղթը: Բայց այն, որ շահագրգիռ կողմերը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Եվրոպան, պատրաստ են կարգավորման՝ թերևս արդեն անվիճելի է:






































