Վարչապետի պաշտոնանկությունը սեփական հաջողություն հռչակած քառյակը զարմանալիորեն հայտնվել է անհասկանալիության մի նոր փուլի առջև: Տեղի է ունեցել առաջին դեմքերի հանդիպում, որին չի մասնակցել Դաշնակցությունը: Ընդ որում, Դաշնակցությունը հայտարարել է, որ նման հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում, և որ այդ հանդիպումից ավելացել է ընդամենը մի գեղեցիկ լուսանկար:
Սրան զուգահեռ, սակայն, ոչ ոք չի համարձակվում խոսել քառյակի հետագա ճակատագրի մասին: Այս իրավիճակը նման է նրան, որ թիմը հաղթում է խաղի առաջին խաղակեսը, իսկ երկրորդ խաղակեսին խաղադաշտ է դուրս գալիս ոչ լրիվ կազմով: Եթե հաղթանակ է, ապա երկրորդ խաղակեսին դաշտ են մտնում ոչ թե կիսատ-պռատ, այլ լրիվ կազմով և ավելի ոգևորված, հաղթանակը պահելու և զարգացնելու հաստատակամությամբ: Սա մենք չենք տեսնում քառյակի գործողություններում, ինչը նշանակում է, որ իրադարձությունների զարգացման վրա քառյակն իրականում վերահսկողություն չունի:
Մյուս կետում Սերժ Սարգսյանն է: Եթե քառյակը չունի, ապա պետք է որ իրադարձությունների վրա վերահսկողություն ունենա Սերժ Սարգսյանը: Սակայն նրա գործողություններն էլ համենայն դեպս հուշում են, որ նման վերահսկողություն չկա, և, ըստ էության, գոյություն ունի տարերայնության մարտավարություն, երբ պարզապես իրար հետևից կատարվում են հաճախ նույնիսկ հակադիր քայլեր, որպեսզի մրցակիցները պարզապես չհասցնեն հետևել, չհասցնեն հարմարվել և անընդհատ ստիպված լինեն կանգնել իրավիճակը հասկանալու խնդրի առաջ՝ այսպիսով շեղվելով որևէ կոնկրետ և ամբողջական խնդրի վրա կենտրոնանալու և այս ուղղությամբ աշխատանքներ ծավալելու հնարավորությունից:
Սերժ Սարգսյանը նախ շոկի ենթարկեց՝ վարչապետին պաշտոնանկ անելով, հետո շոկի ենթարկեց Հովիկ Աբրահամյանին գրեթե նշանակած ներկայացնելով, հետո կտրուկ շրջադարձ կառավարման համակարագը փոխելու առաջարկի միջոցով և հետո էլ կտրուկ շրջադարձ Հովիկ Աբրահամյանի գրեթե անբեկանելի ներկայացված նշանակումը առնվազն հետաձգելու ուղղությամբ: Այս ամենը ըստ էության խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը կա՛մ նման կտրուկ և հակադիր, ակնթարթային քայլերով, այսպես ասած՝ բլից շախմատի պարտիայով փորձում է քառյակի ուշադրությունը շեղել ավելի կարևոր, այսպես ասած՝ սովորական շախմատի մի պարտիայի ուղղությամբ իր աշխատանքները անաղմուկ առաջ մղելու համար, կա՛մ էլ Սերժ Սարգսյանն ինքն էլ հայտնվել է ցուգցվանգի վիճակում և, չունենալով հստակ ռազմավարություն, ընտրել է մրցակիցներին ապակողմնորոշելու և նրանց ռազմավարություն կիրառելու հնարավորություն չտալու տարբերակը, եթե, իհարկե, մրցակիցները ռազմավարություն ունեն:
Սակայն կարծեք թե նրանց մոտ այդ ռազմավարության բացակայությունն ակնհայտ է, ինչի վերաբերյալ վկայությունը ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանի հայտարարությունն է, որ առաջին դեմքերի հանդիպմանը ըստ էության որոշել են, որ ընդհանուր մոտեցումներում միասնաբար առաջ կգնան, իսկ այլ հարցերում կարող են ներկայանալ առանձին իրենց մոտեցումներով: Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի այսպես ասած՝ առաջին դեմքերի հանդիպման այսպես ասած՝ ՕԳԳ-ի բավական ցածր, գրեթե զրոյական դրսևորում:
Ընդհանուր առմամբ, իրավիճակն իսկապես անվերահսկելիության տպավորություն է թողնում, թեև պետք չէ բացառել նաև կազմակերպված քաոսի մարտավարությունը, որովհետև ներկայիս իշխանական համակարգը, սպառելով որևէ այլ բան կազմակերպելու ռեսուրսները, ըստ էության, ի վիճակի է միայն քաոս կազմակերպել:











































