«Անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո իշխող ուժի քաղաքական բովանդակությունը՝ այն է քրեաօլիգարխիկ համակարգը, փոխվեց մեկ այլ բովանդակության՝ անձնիշխան համակարգի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
Նրա դիտարկմամբ՝ նախկինում պետական կառավարման համակարգը ամբողջությամբ սպասարկում էր քրեաօլիգարխիայի շահերին։ «Ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ այդ քրեաօլիգարխիան կազմաքանդվեց, բայց համակարգը մնաց ու վերածվեց անձնիշխան համակարգի։ Պետական կառավարման լայն համակարգն իր բոլոր ենթաճյուղերով մտնում է այդ համակարգի մեջ, միակ մարմինը, որ դեռևս այդ համակարգից դուրս է՝ Սահմանադրական դատարանն է։ Իհարկե, դրանից դուրս մնում են մի քանի ինստիտուտներ, օրինակ՝ ԼՂՀ իշխանական համակարգը, Հայ Առաքելական եկեղեցին, լրատվամիջոցները, բայց կարծում եմ, որ եթե հաջողվի Սահմանադրական դատարանը մտցնել այդ համակարգի մեջ՝ հաջորդ ինստիտուտների հերթն էլ կգա»,- ասաց Բադալյանը։
Մեր զրուցակիցը նշեց՝ նախկին իշխանությունների ժամանակ ձևավորված շատ կառույցների ղեկավար գործիչներ հրաժարական են տվել.«Օրինակ՝ ԲԴԽ-ն, Քննչական կոմիտե, ՀՔԾ։ Հիմա հարց է առաջանում՝ եթե նախկին իշխանությունն այդքան հզոր էր, ապա ինչու՞ նրանց չպահեց և ամբողջ ուժը կենտրոնացրեց Սահմանադրական դատարանի վրա։ Ըստ իս՝ ՍԴ-ի այդ դիմադրողականությունը նախկին իշխանության հետ այդքան էլ կապ չունի, դիմադրում են, որովհետև կա շատ դեպքերում նույնիսկ անթաքույց աջակցություն ինչպես ՌԴ ղեկավարության, այնպես էլ ԵՄ-ի քաղաքական ղեկավարության կողմից»։
Այս դիտարկման ապացույցը Բադալյանը համարում է այն փաստը, որ ԵԱՏՄ նիստի ժամանակ Հայաստանում ՌԴ դեսպանատանը ՌԴ նախագահ Պուտինը հանդիպեց երկրորդ նախագահի տիկնոջ հետ. «Դա քաղաքական մեսիջ էր՝ ցույց տալու, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերում Հայաստանի գործընթացներին, իսկ Եվրամիության աջակցությունը այն հանգամանքն էր, երբ ԱԺ նախագծի վարույթը մերժելուց առաջ Գերմանիայի դեսպանի հետ հանդիպում եղավ։ Դեսպանատունը շատ լավ հասկանում էր, որ երկու-երեք օր հետո պետք է Սահմանադրական դատարանը որոշի՝ վարույթ ընդունո՞ւմ է այդ որոշումը, թե՞ ոչ։ Եվ եթե այդ պայմաններում գնում ու հանդիպում է ՍԴ նախագահի հետ, դա կարող է լինել մեսիջ, որ նա հրաժարական չներկայացնի։ Կարող ենք ասել, որ ՍԴ նախագահի դիմադրողականության պատճառը երկու կենտրոնների աջակցությունն է։ Նրանք էլ իրենց շահերն ունեն, ոչ թե ժողովրդավարության ջատագովն են, այլ ունեն քաղաքական շահեր, որոնք էլ արտահայտվում են ՍԴ կազմի չփոփոխվելով»։
Փորձագետի խոսքերով՝ այսօր իշխանությունները սպառել են ՍԴ հարցը իրավական ճանապարհով լուծելու հնարավորությունը. «Քանի որ ՍԴ-ն ԱԺ-ի նախագծի վարույթը մերժել է, նրանք անցնում են արդեն այլ մեթոդների։ Մենք հիմա տեսնում ենք բազմաթիվ գործընթացներ, որոնք նույնական են նախկին համակարգի գործունեությանը, իսկ դրա պատճառն այն է, որ կառավարման փիլիսոփայությունը չի փոխվել։ Իհարկե, բովանդակությունը փոխված է, բայց քանի որ համակարգը չես փոխում՝ այն կարճ ժամանակ հետո սկսում է պարտադրել խաղի իր կանոնները։ Շատ է նշվում, որ այսօրվա իշխանությունները կանխատեսելի չեն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Եվրամիության համար, որովհետև հարց է առաջանում՝ ինչո՞ւ է իշխանությունը նպատակ հետապնդում վերականգնել բրգաձև կառույցը։ Քանի որ կասկածը կա ու ունեն նաև սեփական շահերը՝ անթաքույց աջակցություն է ցուցաբերվում Սահմանադրական դատարանին»։








































