Դեռևս Ղրիմով ուրախացող ռուս խորհրդարանականները խնդրում են պատժել Միխայիլ Գորբաչովին ԽՍՀՄ-ի փլուզման համար: Այս մասին գրում է The Washington Post-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետդումայի մի խումբ պատգամավորներ համապատասխան հայց են ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Խորհրդարանականները հույս ունեն, որ ստուգման արդյունքում քրեական գործ կհարուցվի, այդ թվում՝ Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ, 83-ամյա Միխայիլ Գորբաչովի դեմ:
Թերթի կարծիքով՝ Ղրիմի միացումից հետո Դումայի որոշ պատգամավորներ ԽՍՀՄ-ի նկատմամբ նոստալգիա (կարոտախտ) են զգում ավելի, քան երբևէ: Պարբերականը նաև նշում է, որ Գորբաչովն Արևմուտքում համարվում է Բեռլինյան պատի խաղաղ անկման հերոս, սակայն հայրենիքում նրան այնքան էլ չեն սիրում:
Իր հերթին The Daily Mail-ը պատգամավորների հայցն անվանում է «արտառոց»: Թերթն ընդգծում է, որ Գորբաչովին հարգում են ողջ աշխարհում՝ «սառը պատերազմի» ավարտի համար:







































