ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի հարցով քառակողմ բանակցություններին նախապատրաստվելու հարցը, որին կմասնակցեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի և Կիևի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Սպիտակ տանը:
Նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «նախագահ Օբաման խոսել է կանցլեր Մերկելի հետ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի մասին», որտեղ, ինչպես կարծում են Վաշինգտոնում՝ «պրոռուսական անջատողականները՝ Մոսկվայի ակնհայտ աջակցությամբ, շարունակում են սադրանքները՝ Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնելու նպատակով»:
Օբաման և Մերկելը Ռուսաստանին կրկին կոչ են արել հեռացնել զորքերը Ուկրաինայի սահմանից: Նրանք նաև քննարկել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ «Ուկրաինայում Մոսկվայի գործողությունների պատճառով»: Այդ մասին նրանք ավելի մանրամասն կխոսեն կանցլերի՝ Վաշինգտոն այցի ժամանակ:







































