Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը բխում է գողապետության շահերից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը. «Ակնհայտորեն չհաշտվելով 2018թ. մայիսի 2-ի համաժողովրդական ընդվզման արդյունքի հետ, նախկիններն այլ տարբերակ չունենալով՝ իշխանությունից հրաժարվեցին, սակայն այժմ տարբեր ուղղություններով պաշտպանության տարբեր օջախներ են գոյացնում թարախապալարի նման, մեկը պայթում է, մյուսն են գոյացնում»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ իշխանությունը դանդաղում է:
Շիրինյանի խոսքով՝ մեր օրենքներն ու օրենսդրությունն անկատար են. «Խառնվել են սովետականի հետ, խճճված իրավիճակ է առաջացել, Հրայր Թովմասյանն էլ լաբիրինթոս է սարքել: Մեզ պետք են նոր օրենքներ՝ նոր դատավորներով»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն ավելի կարևոր բաներ քողարկելու համար է՝ Շիրինյանը նշեց. «Չեն հանձնվում: Ես վատ քաղաքագիտական կանխազգացում ունեմ: Ինչ-որ բանի են սպասում. Սահմանադրական դատարանը դիմադրում է, գիտի, որ ի վերջո հանձնվելու է, և երկրորդ՝ Քոչարյանի գործով դատական գործընթացն անընդհատ ձգձգվում է, դրանք կապակցված են, ինչպես նաև Սերժ Սարգսյանի՝ գորշ կարդինալի գործունեությունը: Առանց Սերժ Սարգսյանի հետ հարցերը լուծելու, Հայաստանը չի հանգստանա, դա իմ քաղաքագիտական գնահատականն է:
Ինձ թվում է աշխատանք է տարվում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի անկման ուղղությամբ: Դրան կարող է հաջորդել անարխիան… Քաղաքական դիմադրության լայն ճակատ է ձևավորվում, հեղաշրջման փորձի վտանգ կա. հեղաշրջման սցենար է ռեալիզացվում…»:
Մանրամասն՝ տեսանյութում: