ԵՄ-ն քննադատել է Թուրքիային, որը հանդիսանում է ԵՄ անդամակցության թեկնածու, համացանցում խոսքի ազատության սահմանափակման համար: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ես ցավում եմ համացանցը կարգավորող (Թուրքիայում ընդունված) նոր օրենքի համար, որը հաղորդակցությունների ոլորտի պետական մարմիններին օժտել է ավելորդ լիազորություններով: Սոցիալական մեդիային վերաբերող վերջերս սահմանված արգելքը հաստատում է այդ մտահոգությունների հիմնավորվածությունը»,- ասել է Ֆյուլեն:
Մարտին թուրքական իշխանություններն ագելափակել էին հասանելիությունը Twitter-ին, այնուհետև նաև YouTube-ին՝ որոշ օգտատերերի հրապարակումներում տեղի օրենսդրությունը խախտելու պատճառով: Ներկայում խոշոր սոցիալական ծառայություններից բաց է միայն Facebook-ը:
«Խոսքի ազատության իրավունքը նշանակում է կարևոր հասարակական հարցերի վերաբերյալ տեղեկատվության ստացման և տարածման իրավունք՝ առանց իշխանության մարմինների ավելորդ միջամտության: Ցանկացած սահմանափակումներ պետք է լինեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշած շրջանակներում»,- ընդգծել է Ֆյուլեն:
Ֆյուլեն հիշեցրել է, որ անդամակցության գործընթացի շարունակման համար անհրաժեշտ է լիովին տեղեկացված լինել ԵՄ-ի չափորոշիչների մասին:
Միևնույն ժամանակ, Ֆյուլեն նշել է նաև մի շարք դրական քայլերի մասին՝ առևտրի, էներգետիկայի և միջազգային քաղաքականության ոլորտներում և կոչ արել ակտիվացնել երկխոսությունը անդամակցության հարցի շուրջ:








































