Սոցհարցումների տվյալներով՝ Գերմանիայի բնակիչները զգուշանում են ընդունելու ԵՄ-ԱՄՆ ազատ առևտրի գոտի ստեղծելու ծրագրերը՝ չվստահելով ամերիկյան չափանիշներին, հայտնում է Deutsche Welle-ը:
Վերջին ամիսներին Գերմանիայի քաղաքացիների շրջանում մեծանում է անհանգստությունը, որ ազատ առևտրի անդրատլանտյան գոտի (TTIP) ստեղծելու շուրջ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում կարող են տուժել եվրոպական չափանիշները սննդի անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության, սպառողների իրավունքների և աշխատողների իրավունքների ոլորտում: Այս մասին վկայում են Pew Reseach Center ամերիկյան հետազոտական ինստիտուտի և գերմանական Բերտելսմանի հիմնադրամի սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Հարցվածներն ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում ազատ առևտրի գոտի ստեղծելու գաղափարին: Այսպիսի տեսակետ է հայտնել հարցված գերմանացիների 55%-ը և ամերիկացիների 53%-ը:
Հետազոտողները հարցումն անցկացրել են 953 գերմանացու և 1002 ամերիկացու շրջանում՝ 2014-ի փետրվարի վերջին-մարտի սկզբին:







































