Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հովհաննես Միքայելյանի և Գայանե Հարությունյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը արագացված ընթացակարգով քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:
Հովհաննես Միքայելյանը՝ «Հովիկ Միքայելյան» ՍՊԸ տնօրենը, ըստ դատական ակտի, իր աշխատակցուհի Գայանե Հարությունյանի հետ «Հացատուն» սննդի օբյեկտի երկու կահավորված առանձնասենյակները 6 հազար դրամով պարբերաբար տրամադրել է մարմնավաճառուհիներին՝ հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալու համար:
Ըստ դատական ակտի՝ Միքայելյանն ու Հարությունյանը նպաստել են մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Մարմնավաճառները «Հացատուն» ոչ միայն դրսից են հրավիրվել: Սննդի օբյեկտի մատուցողուհիներ Հ.-ն ու Բ.-ն ևս Միքայելյանի ու Հարությունյանի կողմից կազմակերպված ինտիմ հանդիպումներ են ունեցել հաճախորդների հետ:
55-ամյա Հովհաննես Միքայելյանն ու 46-ամյա Գայանե Հարությունյանը ընդհանուր իրավասության դատարանում իրենց լիովին մեղավոր են ճանաչել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:
Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ Հովհաննես Միքայելյանը 1989 թվականից մասնակցել է երկրի սահմանների պաշտպանության մարտերին, 1992 թվականին Մարտակերտի տարածքում ծանր կոնտուզիա է ստացել, դարձել թիկունքային: Նա վատառողջ է, բնութագրվել է դրական:
Գայանե Հարությունյանն այրի է, նրա խնամքին է վատառողջ որդին:
Հովհաննես Միքայելյանը և Գայանե Հարությունյանը դատապարտվել են 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկման:
Նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 2-ական տարի փորձաշրջան:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող Մանուչար Մարտիրոսյանը:
Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրողը հիմնավորեց իր բերած բողոքը, սակայն դատական երկրորդ ատյանը մեղադրողի բողոքը մերժեց, ուժի մեջ թողեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Հովհաննես Միքայելյանն ու Գայանե Հարությունյանը ազատազրկման ենթարկվելու վտանգը թոթափելով՝ գնացին իրենց տները: Երկուսն էլ դեռ երկու տարի փորձաշրջանի մեջ են լինելու:









































