«Հայփոստ» ընկերությունից այս օրերին մի շարք քաղաքացիներ ստացել են գրություններ այն մասին, որ իրենց փոխարեն արդեն իսկ պատահականության սկզբունքով ընտրվել են ֆոնդեր:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նմանատիպ գրություն ստացած քաղաքացիներից մեկը նշեց, որ աշխատում է բանկային համակարգում: Նա ֆոնդ չի ընտրել, սակայն աշխատավարձից պահումներ արվել են: Այսօր, փոստատարից ստանալով գրություն, զարմացել է, ապա ճշտել, որ չափազանց մեծ քանակությամբ նմանատիպ նամակներ դեռ հասնելու են հասցեատերերին:
«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան Մարիաննա Կալեջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ նշեց, որ փորձում է հասկանալ՝ ո՞ր կատեգորիայի քաղաքացիներն են ստանում նման պատասխան կամ գրություն: «Միանգամից չէին կարող նման գրություններ ուղարկել, պիտի գումարները փոխանցված լինեին, որոշակի ժամանակ պիտի անցներ, որն օրենքով նախատեսված է համապատասխան գործողությունների շղթա կատարելու և ֆոնդ ընտրելու համար, դրանից հետո միայն՝ այս ժամկետն անցնելուց հետո, եթե ֆոնդը չի ընտրվում, նոր մոդուլի միջոցով ընտրվում է ֆոնդ քաղաքացու համար: Այս պահի դրությամբ չեմ կարող կողմնորոշվել, թե ինչ գրություններ են. չէ՞ որ ճնշման տակ շատերին ժամանակին ստիպեցին ֆոնդեր ընտրել։ Ենթադրում եմ, որ դա նրանց չի վերաբերում, այլ այն հիմնարկություններին, որոնք ճնշման ազդեցության տակ, առանց ֆոնդ ընտրելու, փոխանցել են այդ գումարները»,- ասաց նա:
Իրավաբանի խոսքով՝ նրանք օրենքով են առաջնորդվում՝ կարծելով, թե օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է, հենց այդ տրամաբանությամբ էլ երևի նման գրություններ են ուղարկվում: Հետևանքների մասին նա դժվարացավ խոսել, ինչպես նաև նշել՝ ինչ հակաքայլեր կարելի է ձեռնարկել, բայց նշեց, որ, բոլոր դեպքերում, որոշակի հակաքայլ կամ հակագործողություն կարելի է անել, եթե մարդիկ համաձայն չեն, որ իրենց փոխարեն ֆոնդ է ընտրվել: Հարցին՝ դիմումներ ուղղելով գործատուներին և համապատասխան գերատեսչություններին, որով արգելում են իրենց փոխարեն ֆոնդեր ընտրել, կարո՞ղ են արդյոք նման ծանուցումները կանխել, Կալեջյանը դժվարացավ պատասխանել և նշեց, որ, ընդհանուր առմամբ, խառնաշփոթ է ստեղծվել:
«Հաշվի առնելով ՍԴ ապրիլի 2-ի որոշումը, մասնավորապես՝ 6-րդ կետը, որտեղ նշված է՝ այդ բոլոր գործողությունները պետք է կատարվեն՝ հաշվի առնելով մարդու ցանկությունը, և կամքին հակառակ որևէ քայլ չպետք է արվի, ենթադրում եմ, որ այդ նամակներն իրավաբանական հետևանք կունենան (այն քաղաքացիների դեպքում, ովքեր ֆոնդեր չեն ընտրել, սակայն նրանց աշխատավարձից պահումներ են արվել.– հեղ.) և պետք է հաշվի առնվեն պատկան մարմինների կողմից»,- ասաց նա: Դիմումատուների պահանջը չկատարելու դեպքում, ըստ Կալեջյանի, կարելի է անգամ դիմել դատական պաշտպանության:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի խոսքով՝ հակաքայլերից մեկը պետք է լինի հակառակ նամակներ ուղարկելը, որում կնշեն՝ իրենք նման հանձնարարական չեն տվել, ուստի նրանց գործողություններն ապօրինի են, քանի որ միջամտել եք իրենց սեփականության իրավունքին: «Կքննարկենք, իհարկե, դրա դեմ հակաքայլերը, թե ինչ պետք է անել, կտեղեկացնենք: Ֆեյսբուքում համապատասխան գրությունների օրինակները կան, մարդիկ պետք է այդ դիմումները գրեն, ուղարկեն համապատասխան մարմիններին, նախապես ասեն, որ համաձայնություն չեն տալիս, թույլ չեն տալիս միջամտել իրենց իրավունքներին»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է գրեն, որպեսզի վերադարձնեն այդ գումարները: Պահանջը, ըստ Զեյնալյանի, նախ պիտի հղվի արտադատական կարգով, ապա, եթե դա հնարավոր չեղավ, նաև՝ դատական կարգով:












































