Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) «օրենքին համապատասխան» է որակել քրդերի, հայերի, չերքեզների ու ասորիների՝ իրենց լեզուներով ազգանուն կրելու վրա դրված արգելքը։ Այն ներմուծվել է 1934 թվականին և գործում է արդեն 77 տարի։
Ասորի Ֆավլուս Այը դիմել էր Միդյաթի դատարան՝ իր ազգանունը Պոլոս Բարթումայի վերափոխելու համար։ Սակայն դատարանը, հենվելով ազգանունների վերաբերյալ 1934 թվականի օրենքի վրա, մերժել էր այդ հայցը։
Դրանից հետո Այը դիմել էր ՍԴ՝ պահանջելով չեղյալ հայտարարել Միդյաթի դատարանի վճիռը։ Այը նշել էր, որ թուրքերեն ու թուրքական ծագում ունեցող ազգանուններին շնորհված առավելությունը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքին։ Սակայն ՍԴ-ի 9 անդամներ դեմ են քվեարկել։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն հիմնադրվել է 1961 թվականին։ Մինչև 2010 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների փաթեթի հանրաքվեն, ՍԴ-ն բաղկացած էր 11 հիմնական ու 4 օժանդակ անդամներից։ Հանրաքվեի արդյունքում ՍԴ-ն պետք է ունենա 17 հիմնական անդամ։








































