Լիբիայի ռմբակոծությունները շարունակվելու են սովորական ռեժիմով մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում, որպեսզի դրված խնդիրներն արագ իրենց լուծումները ստանան: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Մայք Բրեքենը: Ռամադանը սկսվում է օգոստոսի 1-ին և ավարտվում օգոստոսի 30-ին:
«Մենք պետք է մի փոքր սպասենք և տեսնենք, թե արդյոք Քադաֆիի ուժերը հետագայում էլ շարունակելո՞ւ են վնաս հասցնել Լիբիայի ժողովրդին: Եթե նրանք շարունակեն դա անել՝ վտանգելով շատ լիբիացիների, ապա ՆԱՏՕ-ն կօգտագործվի իրեն տրված մանդատը՝ մարդկանց կյանքը պաշտպանելու համար»,- ասել է Բրեքենը, որը վստահություն է հայտնել, որ Քադաֆին չի դադարելու վնասել սեփական ժողովրդին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այսօր հանդես է եկել նաև Լիբիայի կառավարության ներկայացուցիչ, գյուղատնտեսության նախարար Մումարա Քադաֆի Աբդ Ալ-Մաջիդը, որը ասել է՝ եթե պատերազմը շարունակվի, ապա 3-4 ամիս հետո Լիբիայում սով է սկսվելու։
«Բերքահավաքի ժամանակ մեզ հաջողվել է կատարել ամենամյա միջինի միայն 20%-ը»,- ասել է նա՝ հավելելով, որ ամեն տարի երկիրը ներկրում է մինչև 1 միլիոն տոննա հացահատիկ, սակայն այս տարի մտցված պատժամիջոցները կարող են խափանել այդ գործընթացը: