«Դեմ եմ» շարժումը միջոցառումներ է նախատեսում ապրիլի 9-ին և 12-ին, որտեղ ակնկալվում է ՀՀ բոլոր գիտակից քաղաքացիների ներկայությունը: Շարժման անդամները պատրաստ են նախկինի պես մնալ ՀՀ քաղաքացու կողքին, սակայն կարծում են՝ նրանք պետք է նախևառաջ ինքնակազմակերպվեն:
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցներն են շարժման անդամներ Գևորգ Գորգիսյանը, Հայկ Ավետիսյանը և Մանուկ Զաքարյանը:
-Նախ ուզում եմ ՍԴ որոշմանն անդրադառնալ. ի վերջո, դրանում հակասությունները որտե՞ղ էին, ինչի՞ց ծագեցին: Ի՞նչ էր իրականում այդ որոշումը:
Գևորգ Գորգիսյան.- ՍԴ որոշումը, կարծում եմ, հստակ էր, մեկնաբանությունները եղան հակասական, իսկ մեկնաբանությունները եղան ընդամենը շահերից ելնելով, թե ում որ տեսակետն էր ձեռնտու: Երբ կարդում ենք որոշումը, այնտեղ հստակ է՝ բոլոր հարցերի պատասխանները կան, միայն պետք է դա հասկանալ, դրան հասնել: Որոշ մարդիկ ուղղակի փորձեցին թյուր կարծիք ձևավորել ու ապատեղեկատվություն տարածեցին ընդամենը, և ցավում եմ, որ դա բարձրաստիճան պաշտոնյաներ արեցին:
-Հասանելի՞ դարձավ ՍԴ որոշման այդ «մեսիջը» հանրությանը, որոշումը հասկանալի եղա՞վ:
Հայկ Ավետիսյան.- Գուցե ժողովուրդը դեռ ամբողջությամբ չի հասկացել, ես կուզեի ևս մեկ անգամ շեշտել. ՍԴ-ն իրականում օրենքը ճանաչել է անվավեր, ՍԴ մասին ՀՀ օրենքի համաձայն՝ եթե ՍԴ-ն օրենքի ինչ-որ հոդված կամ կետ ճանաչում է Սահմանադրությանը հակասող և անվավեր, ապա այդ որոշումն ուժի մեջ է մտնում հենց որոշման ընդունման պահից: Նա չի կարող հետո ասել, որ այդ որոշումը հետաձգվում է ինչ-որ ժամկետով: Դա կարող էր ասել, եթե ճանաչեր միայն հակասող. հակասող և անվավեր կապակցությունը պետք է չլիներ այնտեղ: Օրենքը ճանաչվել է անվավեր, և այն իր ուժը կորցրել է, հիմա մնում են այն բոլոր վեճերը նաև վեցերորդ կետով, որն ամրագրում է մարդու՝ իր կամքից անկախ որևէ վճարում չանելը, նաև,, այսպես ասած, կնիքավորել և թույլ չտալ որևէ մեկին, որպեսզի պահում կատարեն. այդ երկու կետերը հերիք են:
-Այս ընթացքում հիմնադրամներ ընտրելու հնարավորությունը թողնված է մարդկանց հայեցողությանը: Ահազանգեր ստացե՞լ եք, հիմնադրամներ ընտրելու պարտադրանք դարձյալ եղե՞լ է:
Մանուկ Զաքարյան.- Ահազանգեր միշտ եղել են, փորձել են մարդկանց ստիպել հիմնադրամներ ընտրել, հիմա էլ է շարունակվում դա, բայց հիմա ահազանգեր ավելի շատ ստանում ենք վճարումներ կատարելու հետ կապված: Գործատուներին ստիպում են, վախեցնում, որ կալանքի տակ կդնեն գույքը, տույժերի կենթարկեն: Այդ կերպ ստիպում են մնացած մարդկանց, ովքեր չէին կատարել վճարումներ, անօրինական ճանապարհով մտցնել այդ վճարումների դաշտ:
ՍԴ որոշումը 64 էջից և 7 կետից էր բաղկացած, մեր իշխանության ներկայացուցիչները վերցրել և յոթերորդ կետից մի նախադասություն էին ընդամենը կարդացել, փորձում էին դա տարածել բոլոր իրենց ռեսուրսներով՝ մամուլով, պաշտոնատար անձանց հայտարարություններով, բայց այդ ամբողջ 64-էջանոց որոշման հիմքում դրված էր մարդը և իր իրավունքները, մասնավորապես՝ սեփականության իրավունքը: Ինքս եղել եմ դահլիճում, նաև թռուցիկ կարդացել եմ որոշումը, որ դրա մասին էր, իսկ միայն հայտարարել՝ օրենքը գործում է, և պետք է պահումներ կատարենք, սխալ է: Պետք է հիմնվել մարդու կամարտահայտության վրա:
Գևորգ Գորգիսյան.- ՍԴ-ն ժամանակ է տվել ընդամենը մի բանի համար՝ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու, որպեսզի մարդու իրավունքները չխախտվեն: Այդ ժամանակն օգտագործել ընդամենը փող կորզելու համար՝ պատշաճ չէ, անթույլատրելի է նույնիսկ, իսկ այս հայտարարություններով փորձում են կռվի դաշտը տեղափոխել գործատու և աշխատող հարթություն. դա չի ստացվելու: Նախ՝ որոշ գործատուներ արդեն իսկ հայտարարել են, որ չեն պատրաստվում որևէ գումար փոխանցել առանց իրենց աշխատակիցների համաձայնության: Ամսի 9-ին մենք ունենք նախատեսված ակցիա, գնալու ենք համապատասխան կառույցների մոտ, պահանջելու ենք, որ կատարեն իրենց աշխատանքը, այն պարտավորությունները, որ իրենց վրա դրվել են ՍԴ վճռով, և ապահովեն, որ քաղաքացու իրավունքները պաշտպանվեն, և ոչ՝ հակառակը:
Հայկ Ավետիսյան.- Եթե հիշենք, մինչև ՍԴ երկու հոդվածների կասեցումը՝ հունվարի 24-ին որ եղավ, իշխանության բոլոր ներկայացուցիչները, ԿՀԻԿ-ի ներկայացուցիչները պնդելով պնդում էին, որ սա արտակարգ օրենք է, բացարձակապես չի հակասում Սահմանադրությանը: Պարզվեց՝ իրենք բոլորը սուտ էին խոսում, և դա խաբեություն էր, երկրորդը՝ երբ կասեցվեցին տույժերը, ՊԵԿ-ը, ԿԲ-ն իրենց թույլ էին տալիս անօրինական հայտարարություն անել, կամ նույն ֆինանսների նախարարը… Այսինքն՝ ամենաբարձր մակարդակով կրկին մարդկանց ասում էին, որ պատասխանատվության կենթարկվեն բոլոր գործատուները, ովքեր փոխանցումներ չկատարեն, ասել է թե՝ նորից խաբում էին ժողովրդին: Նույնը կատարվում է հիմա: Անկախ նրանից՝ օրենքն ուժի մեջ է թե ոչ, ուզում են փող կորզել ժողովրդից: Նույն պրոցեսն է:
– Շարժումը չքաղաքականացնելով հանդերձ՝ հետաքրքիր է հետևյալը. ոչիշխանական քառյակը սեփական նախաձեռնություններով է հանդես գալիս, մի մասը ձգտում է կառավարության մաս կազմել: Ո՞րն է ավելի նպատակահարմար. այդ հատվածի հետ աշխատել, գուցե այդ կերպ ինչ-որ արդյունքի՞ հասնել, թե՞ մյուսի հետ մնալ հրապարակում և շարունակել պայքարը:
Գևորգ.- Շարժումն ի սկզբանե եղել է անկախ որևէ քաղաքական ուժից, ընդամենը համագործակցել ենք այնքանով, որքանով իրենք ցանկացել են և կարողացել են օգնել շարժմանը: Շարունակվելու է նույն ֆորմատով: Չեմ կարծում, որ ինչ-որ գլոբալ փոփոխություններ տեղի կունենան: Եթե կլինի ուժ որը պատրաստ է աջակցել, մեկ այլ ճակատով պայքարել այս օրենքի, այն ապօրինությունների դեմ, որ ուզում են անել, թեև օրենքը հակասահմանադրական է ճանաչվել, մենք կշարունակենք համագործակցել: Մնացյալի մասին չէի ուզի որևէ մեկնաբանություն անել, որովհետև դրանք հստակ փաստեր չեն, երբ կլինեն փաստեր, կլինի նաև հստակ արձագանք մեր կողմից:
Մանուկ.- Մեր պայքարը ոչ թե անձերի դեմ է, մեր պայքարը մարդկանց իրավագիտակցության պահանջը բարձրացնելն է: Վերջապես, ով էլ լինի իշխանության, թեկուզ այսօրվա ընդդիմության ներկայացուցիչները, եթե նրանք ժողովրդի կամքը հաշվի չառնեն, մենք նույն պայքարը տանելու ենք նրանց դեմ, այստեղ կապ չունի՝ ով է ձգտում գալ իշխանության, կամ ով է այնտեղ: Միանշանակ, մենք անձերի դեմ չենք պայքարում:
Հայկ.- Երբ իմանանք՝ այդ ամենը հստակ է, այդ ժամանակ մենք ամեն դեպքում կվերանայենք և կփորձենք ըստ դրա մտածել մեր հետագա ստրատեգիան: Բայց ամենակարևորն այն է, որ հայ ժողովրդի մոտ լինի այն գիտակցությունը, որ իրենք կարող են ամեն ինչ փոխել այս երկրում, այսինքն՝ մարդկանց մոտ արմատապես փոխվի մտածողությունը, մտածեն ոչ թե գնալու մասին, այլ մնալու և պայքարելու մասին: Մինչև վերջ մենք պիտի պայքարենք, որ հասնենք մեր նպատակին, որովհետև համոզված ենք, որ այդ օրենքի կասեցումը, ընդհանրապես չեղյալ հայտարարվելը հայ ժողովրդի շահերից է բխում:
Գևորգ.- Փաստացի, ՍԴ-ն իր որոշմամբ տվեց տեղ, պայքարելու ճակատ, որով մենք կարող ենք ստիպել պատկան մարմիններին՝ ծառայել մեր շահերին, ոչ թե օգտագործել այս բաց ժամանակը՝ ժողովրդին իրենց շահերին ծառայեցնելու, այլ հակառակը: Մենք հիմա այդ բացից պետք է օգտվենք, պետք է դա անենք, որովհետև ուրիշ ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու: Հենց սա է այն պահը, երբ կամրագրենք, որ Հայաստանում գործում է ժողովրդավարություն, որ կարող է ժողովուրդը ոտքի կանգնել և ինչ-որ բան փոխել: Հիմա հենց այդ պահն է, բոլորը պետք է համախմբված լինեն, պատրաստ լինեն պայքարելու՝ մինչև ցանկալի արդյունքին հասնելը:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































