Հուլիսի 14-ին ՀՀ կառավարության նիստում կքննարկվի ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից մշակված Սևանա լճի էկոհամակարգի և ջրաբանական մոնիտորինգի իրականացման միջոցառումների ծրագիրը:
Բնապահպանության նախարարության ներկայացրած նախագծում նշվում է, որ Սևանա լճի հիմնախնդիրների վերհանման, լուծման համար անհրաժեշտ է ունենալ իրավիճակի հավաստի և լիարժեք բնութագիր։ Այն ստանալու համար պակասում են էկոհամակարգի բաղադրիչների վերաբերյալ համակարգված, շարունակական, որակյալ մոնիտորինգային տվյալներ, որոնք ակնկալվում է ստանալ արդիական մոնիտորինգային ցանց ստեղծելով:
Իրավական ակտի ընդունումը կնպաստի Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի, պահպանմանը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը և Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացման և կայուն օգտագործման ապահովմանը: Միջոցառումների իրականացումը կընձեռի Սևանա լճի էկոհամակարգի վիճակի մասին համալիր տեղեկատվության բանկ ստեղծելու, իրավիճակը ճշգրիտ գնահատելու, առկա զարգացումները կանխատեսելու, անցանկալի գործընթացներն ու սցենարները կանխարգելելու, Սևանա լճի ավազանի օդում, ջրում և ցամաքում ընթացող պրոցեսները կառավարելի դարձնելու, հսկայածավալ կապիտալ ներդրումների արդյունավետությունը բարձրացնելու արդյունքում ջրի որակը բարելավելու հնարավորություն։







































