ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ եթե ՍԴ-ն ոչ սահմանադրական է ճանաչել Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, ապա դա կարող է նշանակություն ունենալ նաև քաղաքական իմաստով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալեքսանյանը նշեց, որ կհերքվեն բոլոր այն հերյուրանքները, թե իշխանությունները խառնվում են, թե չեն թողնում, որ ՍԴ-ն ճիշտ որոշում կայացնի և այլն:
«Գոնե քաղաքական իմաստով կարծում եմ՝ սա շատերին իր տեղը կնստեցնի. ես դա դրական եմ համարում: Վարչապետն ինքն էլ ասաց, որ կան ոչ ճշգրիտ բաներ, սխալներ, որոնք պիտի ուղղվեն, բայց ես ուզում եմ սրանով մեր մնացած քաղաքական ուժերին ասել՝ չի կարելի անընդհատ պնդել, որ իշխանութունները հակասահմանադրական գործողություններ են կատարում, ճնշումներ են բանեցնում: Բնական սխալներ կան, որոնք նախարարությունը, ինչու ոչ՝ կառավարությունը կարող է թույլ տալ, և սրանք մտածված սխալներ չեն, ինչպես ասում են՝ ժողովրդին թալանելու հերյուրանքով: Սա ավելի շատ քաղաքական իմաստով է, որ մարդիկ հասկանան, որ այս իշխանությունները, կառավարությունը էս երկրի թշնամին չեն: Մի բան է, որ կառավարությունը սխալ է գործում, հետո ուղղում իր սխալները, մեկ այլ բան, որ նպատակային ինչ-որ թալանի շեշտեր են տեսնում»,- ասաց նա:
Ալեքսանյանը կարծում է, որ ՍԴ-ում պատասխանող կողմի «պարտության» պատճառն օրենքի ոչ ճիշտ ներկայացման խնդիրը չէր, քանի որ համոզված է՝ դատարանը խորապես է ուսումնասիրել այս օրենքը, անգամ հաշվի է առել այլ երկրների փորձը, այսինքն՝ թե ինչպես կներկայացվեր օրենքը, պատասխանող կողմն ինչպես այն կպաշտպաներ, այնքան կարևոր չէ, որքան հիմնավորումները: ՀՀԿ-ականի խոսքով՝ մինչ ՍԴ-ն՝ կառավարությունը ինքն էլ է ընդունել, որ կան սխալներ, դժգոհություններ:
«Այստեղ մի կարևոր դետալ կա, որ կառավարությունն ինքը լսեց էդ դժգոհությունների ձայնը, արդեն նա հակված էր ուղղելու իր սխալները, եթե դրանք եղել են: Իհարկե, կլինեն սխալներ, կարող է և սխալներն ուղղվեին ժամանակի ընթացքում՝ օրենսդիր դաշտում, օրենքներով լուծեին: Դա էլ եղանակ էր՝ օրենքն ընդունում են, հետո փոքր-փոքր լրացումներ անելով՝ ուղղում են, բայց կառավարությունն այն ժամանակ էլ հայտարարեց, որ չի բացառում սխալները, և պատրաստ է քննարկել, ուղղել դրանք: Այսինքն՝ այստեղ մեկ ուրիշ բաղադրիչ կա, որ կառավարությունը լսում է դժգոհ մասսայի ձայները, անգամ դեռ չստուգած իր սխալը՝ լսում է»,- ասաց նա:
Ալեքսանյանի խոսքով՝ սա և կառավարության, և հանրապետության նախագահի շնորհիվ էր, և հատկապես այն հանգամանքի, որ կողմնակի միջամտություն, ճնշում չեղավ, ինչը շատ կարևոր է, քանի որ եթե ճնշումներ լինեին, դա կարող էր ազդել: ՀՀԿ անդամը նշեց, որ գնահատում է իշխանությունների՝ այս հարցում գրաված դիրքը, այն, որ ոչ մի միջամտություն չի եղել՝ դրական կամ բացասական, ՍԴ-ն ազատ է եղել իր որոշումներում:
«Սա էս իշխանությունների մտածածը չի, իսկ ոլորտը կարգավորման խնդիր ունի, ինչու չէ՝ կարող են սխալվել. մի օրենքը մի երկրում լինի արդյունավետ, մյուսում՝ ոչ: Այստեղ խնդիրն այն է, որ մեր երկրի պայմաններին օրենքը հարմարեցվի, բայց էդ էն գումարները չէին, շահարկվում էր էդ հարցը ընդդիմության կողմից»,- ասաց նա:
Ալեքսանյանի կարծիքով՝ ՍԴ որոշումն սպասելի էր, ավելին՝ նա նշեց, որ Հանրապետականի ներքին խոհանոցում իրոք կար նման սպասելիք, քանի որ ժողովուրդը դժգոհ է, ուստի տրամադրվածություն կար հանրապետականների մեջ, որ օբյեկտիվ որոշում է պետք:
Ալեքսանյանը կարծում է, որ սա այսքանով չի սահմանափակվի, կբերվի նոր օրենք, քանի որ ոլորտը կարգավորման կարիք ունի: «Եթե այս օրենքը Սահմանադրությանը հակասում է, դա դեռ չի նշանակում, որ այն չպիտի գործի. սա իմ ենթադրությունն է: Ես կարծում եմ, որ ՍԴ որոշումից հետո կփորձեն օրենքը հարմարեցնել Սահմանադրությանը… պարտադիրն ու կամավորը, ասեմ, էդքան չգիտեմինչ չի, դա մեթոդիկա է. եթե կեսը պարտադիր լինի, կեսը՝ կամավոր, չի ստացվի, բայց թե հետագայում ինչպիսին կլինի օրենքի փոփոխությունը, չեմ կարող ասել»,- ասաց նա:







































