Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի կարծիքով՝ անձի փոփոխությունը քաղաքական կուրսի փոփոխության չի տանի: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նշանակված նոր վարչապետը կարող է դրական փոփոխությունների բերել. «Անձերի մեխանիկական փոփոխությունը այն բեկումնային պահին, երբ ազգը սպասում է նոր տնտեսական քաղաքականության, նոր արտաքին և ներքին քաղաքականության, ոչնչի չի բերի: Անձերի մեխանիկական փոփոխությունը խեղկատակություն է»,- ասաց նա:
Նա ավելացրեց, որ Սերժ Սարգսյանը պետք է միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշում կայացնի. «Սա պետք է որոշի նախագահը, միայն այդ արդյունքում նոր խորհրդարանը նոր գործադիր պետք է նշանակի: Սա է այն սկզբունքը, որ սպասում է հայ ժողովուրդը, այլապես փոթորիկն անխուսափելի է»:
Մեր հարցին՝ չկա՞ որևէ մեկը, ում կուզենար տեսնել վարչապետի պաշտոնում և ով, իր դիտարկմամբ, դրական փոփոխություններ կարող է բերել երկրում, Դավիթ Հակոբյանն ասաց. «Ես սպասում եմ, որ հանրապետության նախագահը խելամիտ որոշում կկայացնի, խորհրդարանը կցրի:
Ամեն դեպքում՝ բոլոր թեկնածուների մեջ, որոնց անունները շրջանառվում են երեկվանից, ամենաբարոյա-կամային, մարդկային, ազգին նվիրյալ պաշտպան, համենայնդեպս՝ բոլորի մեջ բարոյական կերպար հանդիսացող անձնավորությունը Սեյրան Մուշեղիչն է»:












































