Ժամանակակից ֆուտբոլի ամենաազդեցիկ գործակալներից մեկը` Մինո Ռայոլան իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին և պատմել ֆուտբոլիստի տեղափոխության մանրամասների մասին:
«Հենրիխն ինքն էր գտել ինձ: Երբևիցե որևէ ֆուտբոլիստի հետ ինքս կապ չեմ հաստատել: «Շախտյոր»-ի հետ որոշ խնդիրներ ծագեցին: Նրանք ոչ մի կերպ չէին ցանկանում բաց թողնել Մխիթարյանին։ Բարդ էր, սակայն արդյունքում կարողացանք հաջողության հասնել:
Մենք 6 կամ 7 տարբերակներ ունեինք: Սակայն Մխիթարյանը շատ էր ցանկանում աշխատել Յուրգեն Կլոպի հետ և գտավ, որ «Բորուսիա»-ն առայժմ լավագույն միջանկյալ տարբերակն է: Ասում եմ միջանկյալ, քանի որ կան «Բարսելոնա»-ի, «Ռեալ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կարգի ակումբներ:
Հենրիխը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Նա այն խաղացողներից է, ով հստակ գիտի, թե ինչ է ցանկանում կյանքից։ Նա դեռ չի կայացել որպես խաղացող և շարունակում է առաջադիմել։ Կարծում եմ՝ «Բորուսիա»-ն լավ ընտրություն է, քանի որ այս պահին Մխիթարյանը Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստն է»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է Terrikon-ը։







































