Ապրիլի 1-ին ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ, իսկ երեկ արդեն 2-րդ և 3-րդ ընթերցմամբ ընդունեց հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ օրենքը:
Այն ենթադրում է, որ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կայսրության տարածքում կամ ներկայիս Ռուսաստանի սահմաններում բնակվող կամ բնակված, ռուսերեն լեզվին վարժ տիրապետող օտարերկրացիները կկարողանան հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ 3 ամսվա ընթացքում: Հատուկ հանձնաժողովը հարցազրույցի միջոցով կստուգի օտարերկրացիների ռուսերենի իմացությունը: Բացի դա, ըստ նոր ընդունված օրենքի, պարտադիր պայման է, որ ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող քաղաքացին հրաժարվի իր պետության քաղաքացիությունից:
Երեկ ընդունված օրենքում շատ ուշագրավ հստակեցում է արվել, ըստ որի` ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը պետք է բնակվի Ռուսաստանում: Այսինքն` եթե մինչ այդ խոսվում էր, որ այս քայլով Ռուսաստանը պարզապես ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը նախկին Խորհրդային Միության երկրներում՝ այդ երկրների քաղաքացիներին ռուսական անձնագրեր բաժանելով, ապա վերջին հստակեցմամբ Ռուսաստանը կարելի է ասել ավելի շատ լուծում է իր ժողովրդագրական խնդիրը:
Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանի խոսքով` դեռ վաղ է եզրահանգումներ անել, խնդիրը դեռ պետք է խորապես ուսումնասիրել, նոր հետևություններ անել, բայց նաև պարզ է, որ օրենքը լավ հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են մեկնել ՌԴ, ինչպես նաև նրանց համար, ովքեր մինչ այդ բնակվում էին ՌԴ-ում: Նրանք վերջապես հնարավորություն կստանան օրինականացնել իրենց բնակությունը:
Օրենքի այս տարբերակով ընդունումը լուրջ սպառնալիք կարող է լինել նաև Հայաստանի համար արտագաղթի տեմպի, նոր ալիքի վերսկսման առումով: Այսինքն` այն քաղաքացիները, ովքեր մինչ այդ մեկնում էին արտագնա աշխատանքի և հետ վերադառնում, ընկնում միգրացիոն տարատեսակ քաշքշուկների մեջ, կնախընտրեն հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, որն առանց այդ էլ ոչինչ չէր տալիս իրենց, և ստանալ ՌԴ քաղաքացիություն: «Այս օրենքի ընդունմանը կհետևի այն, որ որոշակի թվով մարդիկ կդիմեն այդ քայլին, բայց թե քանի մարդ կդիմի ու կգնա, այս պահին դժվար է ասել: Բայց որ կլինի երևույթ, դա կխթանի արտագաղթը, պարզ է: Ընդ որում` պարտադիր չէ, որ լինի արտագաղթի նոր ալիք: Սա ճանապարհ է արդեն կայացած արտագաղթը օրինականացնելու համար»,- ասաց Եգանյանը:
Անդրադառնալով տվյալ իրավիճակում Հայաստանի իշխանությունների գործողություններին` նա ասաց, որ այս երևույթն արդեն 20 տարուց ավելի շարունակվում է: Եվ եթե ինչ-որ բան անելու, փոխելու հնարավորություն կամ ցանկություն լիներ, կարվեր: Չէին սպասի, որ օրենքը լիներ, նոր քայլեր անեին:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով էլ` այս օրենքով բացահայտվում է Ռուսաստանի գաղութային քաղաքականության էությունը: «Որպեսզի էն երկրները, որոնց ինքը համարում է, որ պետք է գտնվեն իր ազդեցության տակ, որտեղից ավելի շատ աշխատանքային միգրանտներ կան, անմիջականորեն գաղութացվեն: Այս ձևով Ռուսաստանը օրինականացնում է այդ երկրների քաղաքացիների նկատմամբ փաստացի հպատակության ինստիտուտի ներդրումը: Բացի իր գաղութային նկրտումներից, այլ նպատակ Ռուսաստանը չունի: Սա արդեն մարդկանց անեքսիա է Ռուսաստանի կողմից»,- ասաց Սաքունցը:
Սաքունցի խոսքով` այս օրենքի ներդրումը Հայաստանի համար լուրջ ազգային անվտանգության խնդիր է առաջացնելու: «Այս պահի դրությամբ մեզ ոչ այնքան պետք է հետաքրքրի, թե ինչ է անում Ռուսաստանի Դաշնությունը, այլ այն, թե մենք՝ Հայաստանի իշխանությունները ինչ են անում, սպառնալիքների դիմակայման ինչ միջոցներ են ձեռք առնում: Բայց Հայաստանի իշխանությունները վաղուց արդեն իրենց բոլոր լիազորությունները հանձնել են Կրեմլին: Ցավոք, բայց դա իրողություն է»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:












































