News Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հիշեցրել է վրացական իշխանություններին լրտեսության մեղադրանքով ձերբակալված ֆոտոլրագրողների նկատմամբ դատական գործընթացում բաց սկզբունքներին հավատարիմ մնալու անհրաժեշտության մասին։
Ճեպազրույցի ժամանակ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է.
«Բնականաբար, մենք պետդեպարտամենտում քննարկել ենք այդ հարցի բաց լինելու հանգամանքը։ Այդ խնդիրը վերաբերում է բացառապես Վրաստանին ու Ռուսաստանին։ Ինչ վերաբերում է այդ մարդկանց հետ վարվելուն, ապա, ինչպես հայտնի է, մենք հանդես ենք գալիս մամուլի ազատության օգտին։
Եթե նրանք (ձերբակալվածները) այնպիսի գործողություններ են թույլ տվել, որոնք անհամատեղելի են եղել իրենց կարգավիճակի հետ, ապա այդ դեպքում մենք կցանկանայինք տեսնել ավելի բաց և հասկանալի դատական գործընթաց»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի օգտին լրտեսությամբ զբաղվելու մեղադրանքով ձերբակալված վրացի ֆոտոլրագրողների նկատմամբ դատական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին։









































