Երկու անձի բանտարկության են դատապարտել համացանցում հանգուցյալ ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի դիով լուսանկարներ հրապարակելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
metro.co.uk-ի տվյալներով, լուսանկարներում պատկերված է եղել Դորսեթի դիահերձարանում մարզիկի մարմինը բացելու պահը, որը տեղի է ունեցել փետրվարի 7-ին: Ընկերության նախկին տնօրեն Քրիստոֆեր Էշֆորդը, որը պատասխանատու էր տեսախցիկների հսկողության համար, դատապարտվել է հինգ ամսվա, իսկ Շերի Բրեյը՝ 14 ամսվա ազատազրկման: Գործով երկու մեղադրյալներն էլ ճանաչել են իրենց մեղքը՝ համակարգչային նյութերին չարտոնված մուտք ունենալը:
Ֆուտբոլիստը զոհվել է ավիավթարի հետևանքով: Մասնավոր ինքնաթիռը, որում գտնվել է խաղացողը, ռադարների էկրաններից անհետացել է հունվարի 22-ին, Լա Մանշի նեղուցի տարածքում: Օդանավը գտնվել է փետրվարի 3-ին նեղուցի հատակում, որի բեկորների մեջ հայտնաբերվել է դին: Փորձաքննությունից հետո ոստիկանությունը հաստատել է, որ զոհվածը Էմիլիանո Սալան է:







































