Մեծ Բրիտանիայի Thomas Cook տուրիստական կոնցեռնի աշխատանքի դադարեցումը կհանգեցնի Թուրքիա տուրիստական հոսքի՝ տարեկան 600 – 700 հազարով նվազեցման: Այդ մասին սեպտեմբերի 23-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի Հյուրանոցատերերի դաշնության նախագահ Օսման Այիքը՝ տեղեկացնում է TASS-ը:
«Այս պահին 45 հազար զբոսաշրջիկներ Մեծ Բրիտանիայից և Եվրոպայի այլ մասերից Թուրքիա հանգստի են ժամանել Thomas Cook-ի ուղեգրերով: Այդ ընկերության աշխատանքի դադարեցումը Թուրքիա տուրիստական հոսքը կնվազեցնի տարեկան 600 – 700 հազարով»,- նշել է նա:
Այիքը նաև ասել է, որ «Մեծ Բրիտանիայի ընկերությունը Թուրքիայում ունի 100 – 200 հազար ֆունտի (124 – 248 հազար դոլարի) պարտք ոչ մեծ հյուրանոցների հանդեպ, որոնք նույնպես կարող են տուժել այս իրավիճակից»: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ աշխարհի հնագույն տուրիստական ընկերություններից մեկը՝ 1841 թվականին հիմնված Thomas Cook-ը, հայտարարել է լուծարման ընթացակարգ սկսելու մասին: Կոնցեռնը համապատասխան դիմումը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան, որը պետք է իրավարար կառավարիչ նշանակի: