Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է որակազրկել Ադրբեջանի հավաքականի 9 ծանրորդների:
Azerisport.com-ը տեղեկացնում է, որ որակազրկվել են Վալենտին Հրիստովը, Կամրան Իսմաիլովը, Ալյոնա Կիրիենկոն, Մարզիա Մահերամովան, Սիլվիա Անգելովան, Սերդար Հասանովը, Կսենյա Վիշնիցկայան, Ինտիգամ Զաիրովը, Զուլֆուգար Սուլեյմանովը:
Ընդ որում՝ Սուլեյմանովի դոպինգ ստուգումը դրական պատասխան է տվել 2-րդ անգամ և նա որակազրկվել է ցմահ:
Պաշտոնական մամլո հաղորդագրությունում նշվում է. «Ադրբեջանցի ծանրորդները չեն անցել Եվրոպայի 2013թ. դոպինգ թեստը, ինչպես նաև թեստերը, որոնք կատարվել են մրցաշարից դուրս: Թե՛ մարզիկները, թե՛ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան կպատժվեն:
Մենք հուսով ենք, որ Ադրբեջանը, որպես ծանրամարտի ամենաակտիվ երկրներից մեկը, կկարողանա կառուցել նոր և մաքուր հավաքական»:
Ադրբեջանի հավաքականը զրկվել է 2013թ. Եվրոպայի առաջնության բոլոր մեդալներից: Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան տուգանվել է 500.000 դոլարով:







































