Մերձավոր Արևելքում ԱՄՆ երկու բազաները և մեկ ամերիկյան ռազմանավը գտնվում են իրանցի զինվորականների նշանառության տակ, որոնց ուղղությամբ հարված կհասցվի ռազմական գործողությունների դեպքում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:
«Ալ-Ուդեյդ բազան (տեղակայված Կատարում), ազ-Զաֆրա բազան (տեղակայված ԱՄԷ-ում) և մեկ ամերիկյան ռազմանավ Օմանի ծոցում գտնվում են նշանառության տակ, Ամերիկայի կողմից պատասխանի դեպքում մենք կհարվածենք դրանց»,- Tasnim գործակալությունը մեջբերում է Հաջիզադեի խոսքերը:
Նա նշել է, որ բոլոր ամերիկյան ռազմանավերը և բազաները, որոնք տեղակայված են 2 հազար կիլոմետրի սահմաններում, գտնվում են իրանական հրթիռների հասանելիության գոտում:
Իր հերթին Իրանի ԱԳՆ-ն կեղծիք է համարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունն այն մասին, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների գրոհների հետևում կանգնած է Իրանը: