Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի մահվան գործով կարող են հարցաքննել նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեին: Ինչպես փոխանցում է Gruziya Online-ը, նման պահանջով է հանդես եկել առաջին նախագահի որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան:
Կոնստանտին Գամսախուրդիայի հայտարարությամբ՝ այն, ինչով զբաղվել է դատախազությունը 1994-2004 թվականներին, եղել է ոչ թե հետաքննություն, այլ գործի կոծկում, քանի որ դատախազությունում կոնկրետ մարդիկ նշել են գործն ավարտին հասցնելու քաղաքական կամքի բացակայության մասին:
«Ոչ ոք ինձ հաշվետվություն չի ներկայացրել, սակայն տրամաբանական է մտածել, որ չի եղել երկրի առաջին անձանց քաղաքական կամքը: Ինչո՞ւ պետք է այս գործի բացահայտումը հետաքրքրեր Շևարդնաձեին: Շևարդնաձեի կառավարման ժամանակ իրականացված գործողություններում մենք տեսնում ենք, որ իրականում դա ոչ թե հետաքննություն է, այլ վիճակագրություն: Նրանք ձայնագրում են գլխավոր ականատեսների հակասական ցուցմունքները և անհամապատասխանությունների վերաբերյալ հարցեր չեն տալիս»,- ասել է Գամսախուրդիան:
Գամսախուրդիայի խոսքով՝ իրենք ցանկացել են Շևարդնաձեին խորհրդարան հրավիրել, նրան երկու անգամ հրավեր է ուղարկվել փոստով, սակայն նա հրաժարվել է մամուլին տված հարցազրույցի միջոցով:












































