Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Վատիկանը Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերը հրապարակելու է մեկ հատորով։ Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին հայտնել է, որ 1894-1897 թվականներին առնչվող փաստաթղթերից մեկում նշված է, որ 1896 թվականին Հռոմի պապ Լեո 13-ը սուլթան Աբդուլ Համիդ 2-րդին կոչ է արել գթասրտություն ցուցաբերել և դադարեցնել հայերի կոտորածները։
Թուրքական թերթը մի շարք մեջբերումներ է անում այդ ժամանակ թուրք զինվորների գործած գազանություններից։ Մասնավորապես նշվում են երեխաների առջև մարդկանց սպանության, մարդկանց աչքերը հանելու, մորուքները պոկելու, երեխաների մարմինները մասնատելու և այլ զարհուրելի դրվագներ։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի հետ կապված՝ Պագանին օրեր առաջ հայտարարել էր, որ դրանք անհավատալի փաստաթղթեր են, որոնցում պատկերված են թուրք զինվորների անտանելի դաժանությունն ու անխղճությունը։
Պագանիի խոսքերով՝ հաջորդ տարվա փետրվարին կբացվեն 8-20-րդ դարերն ընկած ժամանակահատվածին, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին առնչվող փաստաթղթերը։












































