Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Կա՛մ ճանաչում, կա՛մ միացում․ Փաշինյանը վերադառնում է Շարժման ակունքներին․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»

«Ըստ իս՝ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Արցախյան շարժման առաջին փուլ, այսինքն՝ «Միացում» կարգախոսին, «Միացում»-ի քաղաքականությանն ու ռազմավարությանը։ Իր այս ուղերձով Փաշինյանն ուզում էր ասել, որ ոչ միայն Հայաստանի իշխանություններն են փոխվել, այլև փոխվել է ամբողջ մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում, և դուք՝ ադրբեջանցիներ, դուք՝ Մինսկի խմբի համանախագահություն, պետք է այլևս հաշվի առնեք, որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ռազմավարությունը ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ փոխվել է․․․ Կա՛մ ճանաչում, կա՛մ միացում։ Ուրիշ ճար չկա։ Ամենաիրապաշտ մոտեցումը սա է՝ միացումը»։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որ տեղի ունեցավ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Երևանի և Ստեփանակերտի միջև թվացյալ տարաձայնությունների և հակասությունների խորացման և Արցախում հասունացող ներքաղաքական ճգնաժամի խորապատկերին ոչ միայն սպասված էր, այլև կարելի է ասել՝ անհրաժեշտություն էր։ Եվ այս առումով Հայաստանի ղեկավարը, որն, ըստ էության, հանդես եկավ համազգային լիդերի դիրքերից, արդարացրեց սպասելիքները, նույնիսկ ասաց ավելին, քան շատերը սպասում էին։ Ծավալուն այս ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շոշափեց համազգային նշանակության մի շարք կարևոր հարցեր ու խնդիրներ, և պարզ է, որ մեկ հարցազրույցը կամ վերլուծությունը չի բավարարի բոլոր այդ կետերին անդրադառնալու համար։ Վստահաբար, այն շաբաթներ շարունակ քննարկվելու է մամուլում։ Բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Համահայկական 7-րդ խաղերի առթիվ տեղի ունեցած հավաքի ընթացքում հնչած ելույթի հիմնական մեխը համազգային միասնության, համահայկական հեղափոխության գաղափարն էր, որը նա ամրապնդեց 1988-ի Արցախյան համաժողովրդական շարժման գլխավոր կարգախոսով՝ Մի-ա-ցո՜ւմ։ Փաշինյանն ընդգծեց, որ «համահայկական հեղափոխության ամենաառանցքային արդյունքը պետք է լինի այն, որ մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ»։

Այս համատեքստում Փաշինյանի ամենատպավորիչ և առանցքային արտահայտություններից մեկը Արցախի մասին իր շեշտադրումն էր՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Եթե հաշվի առնենք տվյալ հայտարարության տեղը, ժամը և ընդհանուր համատեքստը, իրավիճակը, որում այն արվել է, ապա այն իսկապես շատ ուշագրավ է։ Այն, որ Արցախը Հայաստան է, դա գաղտնիք չէ ու գոնե մեր՝ հայության կողմից չի կարող կասկածի տակ դրվել։ Բայց սա ոչ թե շարքային գործչի կամ փորձագետի, այլ Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից, այն էլ Արցախի սրտում արված աննախադեպ հայտարարություն է։ Եվ ճիշտ է նկատում Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձանագրելով, որ «Ղարաբաղը հանձնելու» և «այլ մահացու մեղքերի» մեջ մեղադրվող վարչապետը առաջինն էր Հայաստանի ղեկավարներից վերջին տասնամյակների կտրվածքով, որ Ստեփանակերտում ասաց՝ «Միացում» և «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Բայց Ստեփանակերտում բարձր ամբիոնից նման շեշտադրումներ անելը մի շարք կարևոր հարցեր է առաջացնում, որովհետև Փաշինյանը մի կողմից խոսում է Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնության բարձրացման անհրաժեշտության մասին՝ ասելով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի համապետական ընտրություններին և իրեն չեն ընտրել վարչապետ, հետևաբար, ինքը բանակցային պրոցեսում կարող է խոսել միայն Հայաստանի Հանրապետության անունից։ Իսկ Արցախի ժողովրդին բանակցային գործընթացում պիտի ներկայացնեն Արցախի իշխանության ներկայացուցիչները, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավոր չէ լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության։

Բայց մյուս կողմից Փաշինյանն ասում է «Միացում»՝ հիշեցնելով 88-ի Արցախյան շարժման հիմնական կարգախոսն ու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թ դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումը, որը հետագայում մոռացության մատնվեց, քանի որ 1991 թ․ սեպտեմբերին Արցախի (ԼՂՀ-ի) անկախության հռչակումից հետո թե՛ պաշտոնական Երևանը՝ ի դեմս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և հաջորդ երկու նախագահների վարչակազմերի, թե՛ Ստեփանակերտը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման քաղաքականության և դիվանագիտության մեջ սկսեցին շեշտն ավելի շատ դնել Արցախի անկախության միջազգային ճանաչման առաջմղման քաղաքականության վրա։ Ընդ որում, քանի որ մինչ օրս, որքան էլ զարմանալի է, Երևանում և Ստեփանակերտում նստող կառավարությունները չունեն հստակ մշակված, համաձայնեցված և ձևակերպված տեսլական, ծրագիր, թե ինչպես ենք պատկերացնում Արցախյան հիմնահարցի վերջնական հանգուցալուծումը, այնքան էլ հստակ չէ՝ սա դիվանագիտական մարտավարությո՞ւն է, թե՞ ռազմավարություն։ Այլ խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից և միջազգային ճանաչումից հետո Արցախը պիտի մնա որպես անկախ հանրապետությո՞ւն, թե՞ պիտի վերամիավորվի ՀՀ-ի հետ։

Այս տեսանկյունից պետք է հաշվի առնել նաև մեկ այլ կարևոր հանգամանք՝ Արցախին առնչվող հայտարարությունները արտաքի՞ն, թե՞ ներքին լսարանի համար են արվում։ Հարցը շատ կարևոր է այն պատճառով, որ Երևանում և հատկապես Ստեփանակերտում քաղաքական որոշ շրջանակներ արտաքին դիսկուրսները[1] շփոթում են ներքին դիսկուրսի հետ։ Այսինքն՝ երբ ասում ենք, որ Արցախն անկախ է, նկատի ունենք Ադրբեջանի՛ց Արցախի անկախությունը, Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունը։ Նման հայտարարությունները հասցեագրված են գլխավորապես Բաքվին և միջազգային հանրությանը։ Բայց քանի որ դիվանագիտական պրոցեսն ու պաշտոնական հռետորաբանությունը ուզած թե չուզած ազդում են նաև ներքին լսարանի, այդ թվում՝ արցախահայության ընկալումների վրա, Ստեփանակերտի քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչների թվում է, թե Արցախը Հայաստանից էլ է անկախ, և սկսում են Հայաստանը համեմատել Ռուսաստանի կամ Մոլդովայի հետ՝ որպես մի շարքային հարևան երկրի կամ գործընկերոջ[2]։ Եվ սա էլ առաջացնում է հայաստանյան քաղաքական, հանրային տարբեր շրջանակների բնական ռեակցիան, որոնք հստակ փաստարկներով պնդում են, որ Արցախը, ունենալով որոշակի ինքնուրույնություն, այնուամենայնիվ, փաստացի քաղաքականապես, ռազմականապես, տնտեսապես և մյուս առումներով Հայաստանի անբաժանելի մասն է։ Իսկ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ։

Եվ ուրեմն, ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ ուղերձի հասցեատերերը։ Որքանո՞վ է այն արտացոլում Հայաստանի ներկա կառավարության և Փաշինյանի մարտավարական կամ ռազմավարական տեսլականը հիմնախնդրի կարգավորման մասին։ Սա կոնցեպտուալ հիմք ունեցող և դրանից բխող որոշակի քայլեր, գործողություններ, քաղաքականություն ենթադրող ուղե՞րձ է, թե՞ գլխավորապես հավաքված բազմությանը և ընդհանուր հայկական, կամ ավելի ճիշտ՝ համահայկական լսարանին հաճոյանալու համար արված հերթական հայտարարությունը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ քաղաքագետ, Փարիզի Քաղաքագիտության հիմնարկի փորձագետ Կայծ Մինասյանը։

– Կայծ, Ձեր կարծիքով՝ Փաշինյանի այս հայտարարությունը քաղաքական ի՞նչ նշանակություն ունի։

– Փաշինյանի հայտարարությունը շատ մեծ նշանակություն ունի, բայց խորքի մեջ պետք է ասել, որ ես չզարմացա, ավելի ճիշտ՝ համոզված էի, որ Նիկոլ Փաշինյանը, Ստեփանակերտում գտնվելով, նման հայտարարություն պիտի աներ, որովհետև մեր ժողովրդի երեք բաժինները ներկա էին այնտեղ։ Կային Սփյուռքի ներկայացուցիչներ, կային, անշուշտ, ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչներ և գլխավոր պաշտոնյաներ։ Ուրեմն ինքնաբերաբար պիտի խոսեր «Միացում»-ի մասին, քանի որ մեր տարածված ժողովրդի միասնությունն իր առջև էր։

Անշուշտ, այս հայտարարությունը քաղաքական նշանակություն ունի, հետո կասեմ՝ ինչու։ Բայց պետք է շեշտը դնել մեկ կետի վրա։ Ըստ իս՝ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Արցախյան շարժման առաջին փուլ, այսինքն՝ «Միացում» կարգախոսին, «Միացում»-ի քաղաքականությանն ու ռազմավարությանը։ Եթե կհիշեք՝ մի քանի ամիս առաջ՝ մարտին, ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական հայտարարությունից հետո, Ստեփանակերտում գումարվեց Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ ժողովը, որն իրականում ամենակարևոր հանդիպումն էր ու նոր հանգրվան, նոր էջ բացեց հայկական դիվանագիտության և ռազմավարության մեջ։ Ուզում եմ ասել, որ պետք է երբեք չմոռանալ այդ ժողովի արդյունքներն ու հետևանքները։ Այս նիստի ընթացքում Հայաստանի և Արցախի ներկայացուցիչները վստահաբար անդրադարձել են այն խնդրին, որ կարող են անհասկացողություններ, վիճաբանություններ լինել, բայց դա կարևոր չէ, որովհետև դրանք մակերեսային բնույթ ունեն, այդ տարակարծությունները, որ իբրև թե գոյություն ունեն, դուրս են եկել կա՛մ Հայաստանի նախկին իշխանություններից, կա՛մ Ռուսաստանի մի քանի անձերից, կա՛մ Հայաստանի հասարակությունից։ Բայց Հայաստանի և Արցախի գործադիր մարմինների, իշխանությունների միջև ոչ մի կասկած, վիճաբանություն, տարակարծություն չկար։ Դրա մասին պետք է մոռանալ։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե անիմաստ է կարծել, որ տարակարծություններ կան։ Պարզապես Փաշինյանը նոր մոտեցում ունի, նոր մտածելակերպ է ուզում ներշնչել թե՛ Հայաստանի ու Արցախի հանրության շրջանում և թե՛ Մինսկի համանախագահության առջև, և իր այս ուղերձով Փաշինյանն ուզում էր ասել, որ ոչ միայն Հայաստանի իշխանություններն են փոխվել, այլև փոխվել է ամբողջ մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում, և դուք՝ ադրբեջանցիներ, դուք՝ Մինսկի խմբի համանախագահություն, պետք է այլևս հաշվի առնեք, որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ռազմավարությունը ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ փոխվել է։ Կարևոր էր դա սկսել գոնե խոսքով, և հիմա գործով պետք է շարունակել։ Շեշտում եմ՝ գործով։

Ամեն դեպքում կարևոր էր ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը բոլորովին վերջացած է։ Սա երկու բան է նշանակում․ 1) Մադրիդյան սկզբունքների մասին մոռացեք, 2) Քանի որ Ադրբեջանը և ինչ-որ տեղ Մինսկի խմբի համանախագահությունը չի ընդունում, համաձայն չէ կամ դանդաղ ձևով է մոտենում բանակցություններին Արցախի իշխանությունների ուղղակի մասնակցությանը, ուրեմն երկու տարբերակ կա՝ կա՛մ կընդունեք մեր պահանջը, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչները մասնակցեն բանակցություններին, կա՛մ էլ մենք կգնանք վերամիավորման ճանապարհով։ Այսինքն՝ կա՛մ ճանաչում, կա՛մ միացում։ Ուրիշ ճար չկա։ Եվ ամենաիրապաշտ մոտեցումը սա է՝ միացումը։ Փաշինյանի մոտեցումն էապես տարբերվում է ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումներից։ Փաշինյանն ասում է՝ ես հայկական քաղաքականություն եմ տանում և միայն հայկական շահերին եմ ծառայում։ Եթե կհիշեք՝ 1992-ին ԼՂՀ-ի արտաքին գործոց նախարարը Լևոն Շահնազարովն էր և նա սկսեց հայտարարել, թե մենք պատրաստ ենք զիջումների։ Եվ մեր նպատակը վերամիավորումից փոխելով դեպի Լեռնային Ղարաբաղի անկախություն՝ դա արդեն իսկ զիջում էր։ Բայց ո՞ւմ էր ծառայում այդ զիջումը․ հայկական շահերին չէր ծառայում, ծառայում էր Ռուսաստանի շահերին, որովհետև շեշտը դրվում էր այն հանգամանքի վրա, որ միջնորդի դերը պետք է ավելի մեծանա կարգավորման գործընթացում։ Իսկ «Միացումը» և ոչ անկախությունը իրապաշտ մոտեցում է և զուտ հայկական մոտեցում է, որովհետև ի՞նչ տարբերություն կա ղարաբաղցիների, կապանցիների կամ աշտարակցիների միջև։ Ոչ մի տարբերություն չկա, մանավանդ այսօր։ Ուրեմն ասել կուզեմ, որ իրապաշտ մոտեցումը սա է։ Իրապաշտ մոտեցումը նշանակում է հետամուտ լինել միայն ու միայն հայկական շահերին և դրանք տեսնել «Միացում» կարգախոսի ներքո և «Միացում»-ի ռազմավարությամբ։ Սրանում է Փաշինյանի մոտեցումների ամենամեծ տարբերությունը նախորդ երեք նախագահների հետ։ Անշուշտ, շատերը կասեն, որ եթե «Միացումը» առաջնահերթություն դառնա՝ Հայաստանը կդիտեն իբրև «ագրեսոր» պետություն։ Նման տեսակետ ունեցողները բոլորովին սխալվում են երկու պատճառով․ 1) Հակասում են ղարաբաղյան շարժման էությանը, 2) Մոռանում են, որ ԵԱՀԿ-ի որոշումները պարտադիր չէ, և «Միացում»-ի ռազմավարությունը հարգում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը։

– Դուք մի քանի կարևոր հարցեր շոշափեցիք՝ ակնարկելով, որ ռուսական քաղաքականության նպատակներից մեկը Արցախի անկախության գաղափարի վրա շեշտը դնելով՝ Արցախը նաև Հայաստանից առանձնացնելն է ու Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ազդեցությունը մեծացնելն է՝ օգտվելով արցախահայության շրջանում արմատավորված ռուսասիրությունից։ Մեր փորձագետները վերջին շրջանում շատ են խոսում այս խնդրի մասին՝ մատնանշելով ռուսական քաղաքական-փորձագիտական «դեսանտի» ակտիվ գործունեությունը Արցախում՝ ի դեմս «հայամետ» Զատուլինի, Կոլերովի, Տարասովի։ Եթե սրան գումարենք իր ռուսասիրությամբ հայտնի Զորի Բալայանի հայտնի նամակը Պուտինին, իր հայացքներով, ընդհանուր առմամբ, այս մտածելակերպի մեջ տեղավորվող Սամվել Բաբայանի՝ ամիսներ առաջ հրապարակ նետած վարկածը, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել Լեռնային Ղարաբաղի «մանդատը» Ռուսաստանին հանձնելու ճանապարհով, ապա պատկերն ամբողջական կդառնա։ Ու երեք նախագահների քաղաքականությունն էլ իր էությամբ չի հակասում նշված քաղաքականության տրամաբանությանը։

– Այո: Իսկ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը կառուցային է։ Ամենակարևորը սա է, որ պետք է կառուցել Հայաստանի ինքնիշխանությունը։ Եվ շեշտը դնել կառուցային մասի, ստրուկտուրալիզմի վրա՝ նշանակում է Արցախի և Հայաստանի միջև տարբերություն չկա։ Բայց երեք նախորդ նախագահների մոտեցումը ոչ կառուցային է, Ղարաբաղը դիտվում էր իբրև գործիք, ինչը թուլացնում էր Հայաստանի շահերը։ Նկատի ունեմ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ ընդհանրապես Հայաստանի, համայն հայության, հայ ժողովրդի շահերը։

– Կարծում եք՝ Փաշինյանի այդ հայտարարությունը կոնցեպտուալ, ռազմավարական հիմք ունեցող հայտարարությո՞ւն էր։ Նա տեսլակա՞ն էր առաջարկում, թե ինչպես պիտի լուծվի Արցախի հարցը կամ ինչպես ենք դա պատկերացնում։ Երկրորդը, ուզում եք ասել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն առաջ մղելու քաղաքականությունը, որն, ըստ իս, դիվանագիտական մարտավարություն է, հակասության մե՞ջ է մտնում Արցախի և Հայաստանի վերամիավորման գաղափարի հետ։

– Ես ուզում եմ ասել միայն մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը վերադառնում է 1988 թվականին, ղարաբաղյան շարժման էությանը, միացման գաղափարին։ Անշուշտ հիշում եք 1989 թ․ դեկտեմբերի 1-ին խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի կողմից ընդունված որոշումը Հայաստանի (Հայկական ԽՍՀ-ի) և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանն իր կարևոր հայտարարությամբ վերադառնում է այս հանգրվանին և «Միացում» ասելով՝ ուզում էր ասել, որ թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը տկարացրել են Հայաստանի և հայ ինքնության ամբողջ բովանդակությունը դիվանագիտական, ռազմաքաղաքական և մյուս բոլոր առումներով, դրանով Հայաստանի և Արցախի կշիռը տկարացրին։ Եվ նույնիսկ եթե հաղթեցինք պատերազմում, այնուամենայնիվ, այս երեք ղեկավարներն իրենց հետագա քաղաքականությամբ թուլացրին Հայաստանի դիրքերը թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմաքաղաքական առումով։ 1992 թվականից մինչև Թավշյա հեղափոխությունը՝ 2018 թվականը, միջազգային համայնքը և մանավանդ Մինսկի խմբի համանախագահությունը Հայաստանն ընկալում էր իբրև թույլ երկիր, պարադոքսալ երկիր (ուժեղ բանակով, թույլ դիվանագիտությամբ)։ Հայաստանն էլ այնպիսի մոտեցում էր ցույց տալիս, թե մենք լավ աշակերտ ենք, ընդունում ենք համանախագահների բոլոր ասածները, միայն թե միջազգային հանրությունը ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Բայց դա բավարար չէ, և հենց սրանում է Թավշյա հեղափոխության էությունը, որը մեզ, Մինսկի խմբի համանախագահներին ասում է, թե այլևս պետք չէ հայերին դիտել այնպես, ինչպես որ դիտել եք նախկինում։ Այսինքն, եթե փորձեմ ընդհանուր պատկերը տալ ձեզ՝ տկարությունը, թուլությունը, որ կար մեր մեջ, այլևս վերջացած է։ Տկարացման նշանները վերջացած են, և դրանք պիտի հանենք մեր մարմնից։ Սա է գաղափարը, և այս տրամաբանությունը ենթադրում է, որ նախկինում եղած բոլոր արատավոր երևույթներն այլևս մնացել են անցյալում։ Իսկ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով՝ բոլոր այն նախագծերը, ծրագրերը, որ մինչ օրս եղել են բանակցությունների սեղանին, քննարկվել են, օրինակ, Մադրիդյան սկզբունքները, «Լավրովի պլանը» և այլն, այլևս արդիական չեն, անընդունելի են մեզ համար, պետք է մոռանալ դրանց մասին, որովհետև այս ամբողջ 30 տարվա պատմությունը հիմնված էր այս «տկար ինքնության» վրա։ Ասածս չի նշանակում, թե «պատերազմական» դիրքորոշում պիտի ունենանք։ Երկար աշխատանք պետք է սկսել նոր նպատակների, նոր ռազմավարության անունով։

Եվ այստեղ է, որ կարևորում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ այլևս հայը պետք է հետաքրքրական լինի, գրավիչ լինի, հայ ինքնությունը պետք է զորավոր լինի, պատասխանատու լինի։ Դա նշանակում է, որ ոչ միայն հայերի համար է այս խոսքը, այլ ամբողջ միջազգային հանրության և, գլխավորաբար, Ադրբեջանի, Թուրքիայի և Մինսկի խմբի համանախագահության։ Ուրեմն պետք չէ այլևս մոտենալ Արցախի հարցի շուրջ այնպես, ինչպես որ մոտենում էինք մինչև 2018 թվականը։ Եվ այս համատեքստում պետք է ուսումնասիրել Ադրբեջանի կեցվածքը Թավշյա հեղափոխությունից ի վեր։ Եկեք նայենք։ Նրանք զարմանում են, որ հայերն ավելի համարձակ ու զորավոր են խոսում, ավելի կոշտ ձևով են մոտենում հարցին։ Երբ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց», ադրբեջանցիները շվարեցին՝ ինչպե՞ս կարելի է, որ հայերն այսպես խոսեն։ Հետո ի՞նչ եղավ․ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախը Հայաստան է, և վերջ։ Հիմա զարմանում են, կասկածի մեջ են, չգիտեն՝ ինչպես ըմբռնել նոր Հայաստանի կեցվածքը, էությունը, գաղափարը։ Եվ հիմա ի՞նչ պիտի անեն ադրբեջանցիները․ վստահ եղեք՝ ամեն ինչ պիտի անեն՝ ցույց տալու Մինսկի խմբի համանախագահությանը, թե նայեք, Հայաստանը «վատ կողմ է», մենք «լավ կողմ ենք»։

– Այսինքն՝ Ադրբեջանը կփորձի այլ լույսի ներքո ներկայացնել Փաշինյանի այս հայտարարությունը։

– Այո, Ադրբեջանը Թավշյա հեղափոխությունից ի վեր չգիտի՝ ինչպես վարվի Փաշինյանի հետ։ Երբ Փաշինյանը հեռացրեց նախկին իշխանություններին և ժողովրդավարության մասին խոսեց, Ալիևն ու իր խումբը կարծեցին, թե Փաշինյանի հետ բանակցելն ավելի հեշտ կլինի։ Ճիշտ հակառակը, ավելի դժվար է լինելու։

– Պաշտոնական Բաքուն արձագանքել է Փաշինյանի ելույթին։ Մասնավորապես, հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ ասելով, թե Ադրբեջանը «վճռականորեն դատապարտում է» Հայաստանի վարչապետի հայտարարությունը, «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է» և այլն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

– Այս հայտարարության մեջ նորություն չկա, Բաքուն 30 տարի նույն բանն է ասում։ Ադրբեջանի դիրքորոշման առնչությամբ պետք է միայն մեկ հանգամանք ընդգծենք և հաշվի առնենք՝ ադրբեջանցիները խաղաղություն չեն ուզում, որովհետև խաղաղությունը նշանակում է զիջումներ։ Հայերը՝ Երևանը, Ստեփանակերտը, գիտեն դրա մասին, բայց Մինսկի խմբի համանախագահությունը չի հավատում։ Պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և իրենց պարտությունից հետո նույն բանն էին ասում, բայց ո՞ւր հասանք․ ոչ միայն ԼՂԻՄ-ը ազատագրվեց, այլև շրջակա տարածքները, որոնք այսօր մտնում են Արցախի Հանրապետության կազմի մեջ։ Թող շարունակեն այդպես ասել։ Նիկոլ Փաշինյանը խոսեց 2050 թվականի մասին։ Վստահ եղեք, որ այն ժամանակ էլ Ադրբեջանն ասելու է, թե Ղարաբաղը պետք է մաս կազմի Ադրբեջանին։ Թող ասեն, դա չէ կարևորը։

– Բայց, միևնույն է, բաց է մնում այն հարցը, թե ինչպես պիտի շարունակենք մեր քաղաքականությունը՝ կապված Արցախի հետ։ Շարունակենք հետամուտ լինել Արցախի միջազգային ճանաչմա՞նը, թե՞ այլ մոտեցում որդեգրենք, օրինակ՝ կյանքի կոչենք վերամիավորման որոշումը։ Որովհետև շատերն անօգուտ են համարում Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը։ Նրանք ասում են, որ ոչ մի պետություն չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղը։ Դա կարող լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնեն Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։

– Տեսեք, Փարիզում հանգիստ նստած՝ շատ հեշտ է խոսել, բայց ես մեկ խոսքով ասեմ, որ կարելի է փոխվել և դեպի առաջ գնալ։ Չորս մոտեցում կա։

Առաջինը, մեր ամբողջ ռազմավարությունը, քաղաքականությունը, դիվանագիտությունը պետք է ուղղվի մեկ նպատակի՝ միացում։ Ուրիշ ճար չկա։

Երկրորդը, կա քաղաքական մոտեցում, որ տարբեր լծակները պետք է մոտենալ։ Առաջին հերթին Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը և ունենա խորհրդարանի երկրորդ պալատը, և երկրորդ պալատը ունենալով՝ շատ մեծ փոփոխություններ կլինեն (օրենքների մասով, իշխանության երեք թևերը զորացնելու մասով, համահայկական մասով, ռազմավարության մասով, Արցախի մասով և այլն)։ Այսօր թե վաղը, Արցախը պիտի միանա Հայաստանի հաստատություններին։ Ուզում եմ ասել՝ որքան արագացնենք «Միացում»-ի գաղափարը իրականության մեջ, այնքան լավ է։

Երրորդը, պետք է իսկապես մաքուր, հստակ, շիտակ պետություն ունենանք Հայաստանում։ Եթե մաքուր, հստակ, շիտակ պետություն չունենանք՝ անիմաստ է։ Կառույցները պետք է մաքուր լինեն և ամեն մարդ, ամեն քաղաքացի պետք է մեկ ուղղությամբ աշխատի, որպեսզի Հայաստանը զորավոր հանրապետություն լինի։ Սա նշանակում է հարգել ժողովրդավարություն, ազատություններ և բազմակուսակցականացում։ Զորավոր ասելով՝ նկատի ունեմ, որ մեկ տարի առաջ սկսված շարժումը հարկավոր է արագացնել։

Եվ չորրորդը, Հայաստանը պետք է զորացնի իր ինքնիշխանությունը տարածաշրջանում, և ինչքան արագ Հայաստանի քաղաքացիությունը տրվի բոլոր հայերին՝ առանց որևէ պայմանների, այնքան լավ է Հայաստանի ինքնիշխանության համար, որովհետև ես, իբրև ֆրանսիացի և ՀՀ քաղաքացի, ինձ ավելի զորավոր կզգամ պահանջել ֆրանսիական կառավարությունից, որ ուրիշ ձևով նայեն Հայաստանին, իմ եղբայրներին։ Ես, իբրև ամերիկացի և ՀՀ քաղաքացի, ավելի դյուրին ձևով կկարողանամ պահանջել Միացյալ Նահանգների կառավարությունից, որ ուրիշ ձևով նայի հայերին և Հայաստանի ժողովրդին։ Որքան արագ, այնքան լավ։ Եթե վաղը Հայաստանի պետական ապարատում՝ հայաստանցի եղբայրների հետ միասին, աշխատեն տարբեր սփյուռքահայեր՝ իբրև պաշտոնյա, նախարար և այլն՝ ավելի լավ։

Ուզում եմ ասել, որ ամբողջ լուծումը մեր մեջ է, չկա խնդիր առանց լուծման։ Ուրեմն, եթե կարողանանք իրականացնել այս գաղափարները՝ մենք թե՛ ժողովրդավարական պետություն կունենանք, թե՛ զորավոր բանակ կունենանք, թե՛ միացյալ և բարգավաճ Հայաստան կունենանք։ Պատկերացրեք՝ Կիլիկիայի թագավորության անկումից ի վեր առաջին անգամն է, որ այսքան երկար ժամանակ անկախ պետականություն ունենք։ Դա նշանակում է, որ ինքնությունը, մտածելակերպը փոխվում է բոլորովին։ Այլևս հայը մեղկ չէ, հայը ինքնավստահ է և գտել է իր տեղը պատմության մեջ։

Հղումներ՝

[1] Լատիներեն discursus (դատողություն, փաստարկ) բառից է։ Քաղաքական լեքսիկոնում օգտագործվում է «զրույց», «խոսակցություն», «քննարկում» իմաստներով։

[2] Տե՛ս Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի Վիտալի Բալասանյանի՝ ս․ թ․ հունվարին Եռաբլուրում արած հայտարարությունը իր հնարավոր հրաժարականի մասին․ «Նույն է, թե Ռուսաստանի, Մոլդովայի իշխանություններին հորդորեն մեկ այլ պետությունում որևէ մեկին պաշտոնանկ անել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում