Կարծես թե ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ստացվում է: Այսօր Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարել է, որ կոալիցիոն ուժերից երկուական ներկայացուցիչ կընդգրկվեն աշխատանքային խմբում, որը երկխոսելու է ՀԱԿ-ի հետ: Նա նշել է, որ առաջին աշխատանքային հանդիպումը տեղի կունենա առաջիկա տասնօրյակում:
«Առաջին լրատվականի» հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, այդ աշխատանքային հանդիպումների ձգձգման պատճառով հասարակության մոտ հիասթափություն լինի, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց, որ հասարակական կարծիքը բավականին անտարբեր է իշխանափոխության, քաղաքական զարգացումների նկատմամբ. «Հասարակությանն այսօր մտահոգում են առօրյա, կենցաղային, նյութական հարցերը: Իհարկե, չի բացառվում, որ ինչ-որ զանգված կարող է հիասթափված դուրս գալ փողոց վճռական գործողությունների գնալու, բայց կան նաև մարդիկ, որոնք բավականին կուշտ են և դուրս չեն գա ինչ-որ հարցեր լուծելու համար»:
Ադիբեկյանը նշեց, որ վերջնաժամկետները լուրջ չեն ընկալվում, քանզի վերջնաժամկետը սովորաբար տալիս է ուժեղը թույլին, իսկ այս պարագայում ընդդիմությունն է տվել վերջնաժամկետ, այն դեպքում, երբ ուժը, ռեսուրսները կոալիցիայի ձեռքին է, ոչ թե ընդդիմության:
Սոցիոլոգը նշեց, որ բանակցությունները կլինեն ղարաբաղյան հարցի, սոցիալական իրավիճակի բարելավման, ատոմակայանի ճակատագրի, գազի գնի վերաբերյալ, և հնարավոր է նաև լուծումներ գտնեն, սակայն բանակցություններ չեն լինի արտահերթ ընտրությունների շուրջ, քանզի ՀՀԿ-ն երբեք այդ պայմանը չի ընդունի:











































