«Ժամանակը ցույց կտա, որովհետև դեռևս պարզ չէ, թե դրանք ինչ առաջարկներ են»,- պատասխանելով «Առաջին լրատվականի» հարցին, թե ինչպիսի՞ն են լինելու Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացվող նոր առաջարկները՝ նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծեց, որ հակամարտությունն այս պահի դրությամբ ունի երկու հիմնական խնդիր, որը պետք է կարգավորվի` կարգավիճակի և սահմանների հարցը. «Մնացած բոլոր առաջարկներն ու մոտեցումները այս կամ այն կերպով պետք է նպաստեն այս երկու կարևորագույն հիմնախնդրի լուծմանը: Քանի որ դա չկա, որևէ նոր առաջարկները չեն կարող օբյեկտիվ հիմք ստեղծել հարցի կարգավորման համար և դրանք կմնան թղթի վրա»:
Բաբայանի գնահատմամբ` միջնորդներն այսօր առաջին հերթին պետք է փորձեն Ադրբեջանին բերել կառուցողական հուն, ինչը, դժբախտաբար, տեղի չի ունենում, և գնալով Ադրբեջանը է՛լ ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը:










































