Երեկ օրվա վերջում Ազգային ժողովում կրքերը թեժ էին: Քննարկվում էր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ոչ իշխանական քառյակի՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացրած նախագիծը:
Հիշեցնենք, նախագիծն առաջարկում էր ստեղծել մի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի 2012-2013 թվականներին քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների կողմից լրացուցիչ վճարների ու տուգանքների գանձման գործընթացը` արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների և այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները:
Հայտնի է, որ արագաչափերի տեղադրմամբ և շահագործմամբ զբաղվում են «Սեքյուրիթի դրիմ», իսկ վճարովի ավտոկանգառների շահագործմամբ՝ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունները: Վերջինիս բաժին է ընկնում կարմիր գծանիշերով առանձնացված ավտոկանգառների համար գանձվող գումարի 70 տոկոսը, որը, պատգամավորների ներկայացմամբ, յուրաքանչյուր տարի կազմելու է 7-8 մլն եվրո: Նրանց խոսքերով` այդ ընկերությունը պատկանում է Ալեքսանդր Սարգսյանին: Մինչդեռ շատ երկրներում այդ գումարը մասնավորի գրպանը գնալու փոխարեն ուղղվում է համայնքային բյուջե և ծախսվում է համայնքային խնդիրների լուծման համար: Իսկ ինչ վերաբերում է արագաչափերին, ապա պատգամավորները գտնում են, որ դրանց շահագործման արդյունքում վարորդների նկատմամբ կիրառվող տուգանքները շատ բարձր են և համադրելի չեն մեր երկրում վճարվող աշխատավարձերի չափերի հետ: Եվ որ մեկ տուգանքը հաճախ գերազանցում է նվազագույն աշխատավարձը: Իսկ այդ տուգանքների բեռի տակ հայտնված վարորդները, հատկապես տաքսի ծառայության վարորդները երբեմն դրանց պատճառով արտագաղթում են: Եվ ոչ իշխանական ուժերի ներկայացրած այս խնդիրները, որոնք պետք է դառնան այդ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրման առարկան, բավականին դժգոհություն են առաջացնում հանրության մոտ:
Վերը նշված խնդիրների դեպքում բուռն էր հատկապես ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի քննադատությունը: «Մեր ընդդիմախոսները մեզ ասում են, թե ինչու եք փորձում ձեր հարցադրումներով խանգարել թալանչիների, երկիրը թալանող մասնավոր ռեկետի անդորրը: Մարդիկ զբաղված են մասնավոր թալանով, մի փորձեք խանգարել նրանց անդորրը: Փորձելու ենք, խանգարելու ենք… Ես բառ չեմ գտնում ձևակերպելու այս խայտառակ, անմարդկային, անբարոյական թալանը… Թալանչիները, մասնավոր այն անձը, թալանչին ուղղակիորեն ագահ է: Ագահությունն էլ պիտի չափ ու սահման ունենա»,- հայտարարեց պատգամավորը:
Սակայն այս և նման այլ քննարկման դեպքում միշտ տարակուսանք է առաջացնում ԲՀԿ-ի պահվածքը: Այս խմբակցությունն անընդհատ քննադատում է իշխանություններին թալանելու, իշխանական լծակներն օգտագործելու միջոցով նորանոր բիզնեսներ ստեղծելու և ժողովրդի գրպանը մտնելու համար: Եվ սա այն դեպքում, երբ նույնանուն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնես-գործունեությունը հեռու չէ նման երևույթներից, միգուցե և բարգավաճում է նման երևույթների շնորհիվ: Եթե այդ նույն երևույթները քննադատեն իսկապես ընդդիմադիր ուժերը, ապա դա տրամաբանական է: Բայց երբ դա անում է նման երևույթներից եկող շահույթի վրա նստած ԲՀԿ-ն, ապա այն, մեղմ ասած, տարակուսելի է:
Ն. Զոհրաբյանի այս ձևակերպումներին համարժեք պատասխան տվեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ու հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի կազինոները: «Կցանկանայի անդրադառնալ ԲՀԿ խմբակցության ներկայացուցչի կողմից հնչեցված մի քանի գնահատականներին, մասնավորպես այն, թե որոշակի ագահ մասնավոր անձինք 6-8 մլն դոլար փող են աշխատում՝ շնորհիվ այն խաղի կանոնների, որոնք դուք եք առաջարկել, և ես այդ ժամանակ մտածում էի, թե որ մասնավոր անձի մասին է խոսքը գնում, և այդ չափանիշներին վերաբերող միայն մեկ օրինակ հիշեցի. դա վերաբերում է Երևանում գործող մեկ կազինոյին, որն իսկապես տարեկան 6-8 մլն դոլար շահույթ է ստանում»,- հակադարձեց Դ. Սարգսյանը:
Դ. Սարգսյանը նկատի ուներ Երևանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա գտնվող «Փարավոն» հսկայական հյուրանոցային և խաղատնային համալիրը, որը պատկանում է Գ. Ծառուկյանին: Եվ որպեսզի Երևանի շրջակա տարածքներում միայն այդ խաղատունը գործի, տարեվերջին կառավարության ներկայացմամբ ԱԺ-ն օրենք ընդունեց, որ մայրաքաղաքի հարակից վայրերում կարող են աշխատել միայն 40 մլն դրամ ներդրում կատարող խաղատները: Ու քանի որ մեր երկրում նման ներդրում կատարողները մի քանիսն են, և դրանցից մեկը Գ. Ծառուկյանն է, Երևանում և հարակից վայրերում խաղատնային բիզնեսի մինաշնորհը բաժին հասավ նրան: Իսկ մայրաքաղաքի հարակից վայրերի մոտ 100 փոքր խաղատները փակվեցին, դրանց հաճախորդները բաժին հասան Գ. Ծառուկյանին, դրանց սեփականատերերն ու աշխատակիցներն էլ մնացին անգործ և առանց ապրուստի հնարավորության: Իհարկե Գ. Ծառուկյանին այդ հնարավորությունը հենց այնպես չընձեռվեց, դա տրվեց նույն իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների, եթե կուզեք` գործարքի արդյունքում:
Եվ երեկ Դ. Սարգսյանը հիշեցրեց, որ տարեվերջին, երբ կառավարությունն ԱԺ էր բերել այդ օրինագիծը, ԲՀԿ-ն ոչ միայն չքննադատեց, որ դրա արդյունքում մենաշնորհային վիճակ է ստեղծվելու, այլ միահամուռ կերպով կողմ քվեարկեց: «Որպեսզի փոքր բիզնեսը, որը որ խաղային ոլորտում էր՝ փակվեր, լիքը բիզնեսներ փակվեին, արդյունքում ձեր իսկ կողմից սահմանված խաղի արդյունքում ձեր իսկ կողմից կարևորված այդ անձը ստանա շահույթ: Այո՛, համաձայն եմ, որ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»,- հակադարձեց Դ. Սարգսյանը:








































