«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձառու դիվանագետ, ԱՄՆ Պետքարտուղարության և Պաշտպանության նախարարության նախկին աշխատակից, ներկայում Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի (Վաշինգտոն) Եվրասիայի ու Եվրոպայի հարցերով ավագ փորձագետ Ի. Վեյն Մերրին:
– Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրեց, որ մարտ ամսվա ընթացքում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները՝ հույս հայտնելով, որ հանդիպումն արդյունավետ կլինի: Կարո՞ղ ենք էական արդյունքներ ակնկալել այդ հանդիպումից՝ այն պարագայում, երբ հակամարտությունը պայմանավորված է որոշակի աշխարհաքաղաքական գործոններով: Տեսակետներ կան, որ ՌԴ-ն, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, արգելափակում է խաղաղ կարգավորման գործընթացը:
– Ես, իհարկե, ցանկություն չունեմ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների անունից խոսել և ասել, թե ինչ արդյունքներ կլինեն: Եթե Ջեյմս Ուորլիքը, որը փորձառու դիվանագետ է, կազմակերպում է նման հանդիպումներ, ուրեմն դրանց անհրաժեշտությունը կա, և դրանք արդյունավետ են: Ես նրան ճանաչում եմ, նա չափազանց փորձառու է, վստահ դիվանագետ է: Նա ունի իմ լիակատար վստահությունը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ: Եթե խոսենք բանակցային գործընթացի մասին, դրանք շատ կազմակերպված կերպով ղեկավարվել են երեք երկրների կողմից: Ֆրանսիան ու Ամերիկան իրենց ռուսաստանցի գործընկերոջ հետ լավ աշխատել են: Նրանք, ըստ իս, շատ համակարգված են աշխատել:
Ես կարծում եմ, որ իրական խնդիրը Մոսկվայում չէ, խնդիրը Բաքվում և Երևանում է: Խնդիրը, որից միշտ Մինսկի խումբը տառապել է, դա միջնորդական առաքելությունն է: Միջնորդները միջնորդական առաքելությամբ են զբաղվում սովորաբար: Նրանք չեն բանակցում, միայն հակամարտող կողմերը կարող են բանակցել, իսկ Ադրբեջանն ու Հայաստանն իրական բանակցություններով ոգևորված չեն:
– Ակնհայտ է, որ ուկրաինական խնդրում Արևմուտքի և ՌԴ-ի շահերը հակադրվում են այն աստիճան, որ կողմերն անցնում են պատժամիջոցների: Այս պայմաններում Մինսկի խմբում ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն կկարողանա՞ն աշխատել համատեղ:
– Դեռ շատ բան պետք է տեսնենք ապագայում: Պետք է հիշենք, որ Մինսկի խումբը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդրին կարգավորում գտնելու գործընթացը վեր են կանգնած այլ խնդիրներից, Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացը շարունակվել է Կոսովոյի պատերազմի ընթացքում, 2008թ. ռուս-վրացական պատերազմի ընթացքում և այլ խնդիրների ընթացքում, որոնք եղել են Ռուսաստանի և Ամերիկայի միջև: Ակնհայտ է, որ ուկրաինական զարգացումները շատ ավելի կտրուկ են, և Ամերիկայի ու Ռուսաստանի միջև հակասություններն ավելի կտրուկ բնույթ են կրում, բայց ես չեմ կարծում, թե ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կփորձեն հրաժարվել այն շրջանակներից, որոնցում իրենք համատեղ հետաքրքրություններ ունեն: Օրինակ՝ Աֆղանստանում, Սիրիայում, Կորեայում: Ես մտածում եմ, որ երեք երկրները կշարունակեն իրենց համատեղ ջանքերը Մինսկի խմբում, և եթե նրանք այդպես անեն, հույս ունեմ, որ սա այն տեղն է, որտեղ նրանք կարող են կառուցողական լինել և կարող են ցուցաբերել համատեղ աշխատելու իրենց կարողությունը:
– Կարող են կառուցողական աշխատել, այսինքն՝ կարող են հասնել ընդհուպ կարգավորմա՞ն:
– Ես չեմ տեսնում քաղաքական կամք Երևանում և Բաքվում, իսկ համանախագահները կարող են միայն միջնորդական առաքելություն իրականացնել:
– Ղրիմի անեքսիայից հետո շատ տեսակետներ են հնչում, որ Ղրիմը կարող է նախադեպ դառնալ Ղարաբաղի համար, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է օգտագործել չլուծված հակամարտությունը թե Հայաստանի, թե Ադրբեջանի դեմ: Որքանո՞վ են նման տեսակետներն իրատեսական:
– Ես շատ զգուշավոր եմ նախադեպեր դիտարկելու հարցում: Շատ հեշտ է մեկ հակամարտությունը համեմատել մյուսի հետ, բայց յուրաքանչյուրն ունի իր չափման միավորներն ու արժեքները: Կոսովո, Ֆոլքլենդ, Քաշմիր, Կիպրոս, Մերձդնեստր, Ղարաբաղ, Աբխազիա, Հարավային Օսեթիա՝ ունեն տարբեր նրբություններ: Ես քննադատում եմ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում, բայց այս երկու հարցերում ես կապ չեմ տեսնում, որը որպես հակամարտություն շարունակվում է 20 տարի: Կա նաև Նախիջևանի հարցը, ցանկացած վերջնական կարգավորում պետք է իր մեջ ընդգրկի նաև Նախիջևանի հարցի կարգավորում: Սա ևս պետք է հիշել: Բայց ես զգուշավոր եմ խոսել հակամարտության կարգավորման ամենալավ տարբերակի մասին: Դա մի լուծում պետք է լինի, որի շուրջ կողմերը կգան համաձայնության, բայց պետք է հասկանալ, որ ցանկացած խաղաղության համաձայնություն ձեռք է բերվում փոխզիջումների արդյունքում, ոչ միայն մեկ կողմի փոխզիջման, այլ երկու:











































