Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երեկ հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ՝ հրավիրելով երկրի ընդդիմությանը մասնակցելու նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարությունը հնչել է պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում. «Ես՝ որպես նախագահ, երաշխավորում եմ հավասար պայմաններ այն թեկնածուների համար, որոնք իրենց ընդդիմադիր են համարում, նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին»,- ասել է Բերդիմուհամեդովը:
Տարօրինակ է, բայց այս կարևորագույն հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ երկրում տեղի է ունեցել Թուրքմենստանի պատմության մեջ ամենամեծ աղետներից մեկը, ինչը պետությունն ամեն կերպ ցանկանում է սքողել: Ընդդիմադիր աղբյուրները, իրավապաշտպանները հաղորդում են, որ երկու օր առաջ Աբադանում զինանոցի պայթյունի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 200-ի: Սակայն պետությունը, մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել են, որ ոչ մի զինանոց էլ չի պայթել, զոհեր չկան, պայթյուն է տեղի ունեցել հրավառությունների պահեստում: