Իսկական եվրաասոցացումն Ուկրաինայում նոր է սկսվում: Իհարկե, դեռ վաղ է ամփոփ գնահատականներ տալ ուկրաինական զարգացումներին, սակայն այն, ինչ կատարվում է այդ երկրում, վարակիչ է բոլոր հետխորհրդային այն հանրապետությունների համար, որոնց Ռուսաստանը փորձում է շանտաժի ու սպառնալիքի միջոցով կցված պահել իրեն՝ օգտագործելով իշխանությունների ապօրինածին, անձնապաստան բնույթը:
Սակայն ոչ բոլոր տեղերում է, որ նման հասարակական դիմադրություն է առաջանում: Բնականաբար, մեզանում զուգահեռները տարվում են Հայաստանի իրավիճակի հետ: Հայաստանը Ուկրաինայից շատ ավելի շուտ էր հանձնվել, սակայն այստեղ նման զանգվածային բողոքներ չեղան: Սակայն սա, իհարկե, պետք չէ վերագրել հասարակական առանձնահատկություններին, լավի ու վատի բաժանել:
Իհարկե, Հայաստանում չկան նման բողոք գեներացնելուն պատրաստ քաղաքական ուժեր, իսկ ովքեր կարող են, նրանք վաղուց ի վեր գեներացվում են Ռուսաստանի տակ: Սակայն Հայաստանի հասարակությունն ամենևին ավելի հանձնված և հնազանդ չէ, որքան կարող է թվալ: Պարզապես այստեղ շատ մեծ դեր է կատարում քանակական գործոնը: Այսինքն՝ Հայաստանը սակավամարդ է, արտագաղթի հետևանքով բնակչության թիվն ավելի է նվազել: Ընդ որում, հեռացողների մեջ էր նաև ակտիվ հատվածը:
Այդ ամենը իրենց ազդեցությունն են թողնում դիմադրողունակության քանակական կողմի վրա, և բնական է, որ Եվրոպայի հետ անմիջական սահմանին գտնվող և ինտենսիվորեն հաղորդակցվող մի քանի տասնյակ միլիոնանոց Ուկրաինայում այդ ամենը շատ ավելի ուժգին և ազդեցիկ էր լինելու, քան կովկասյան լեռներում ծվարած ու դատարկվող Հայաստանում:
Այս իմաստով Ուկրաինայի հետ համեմատությունները ինչքան էլ խոսուն են ու նաև տեղին, այդուհանդերձ՝ զգալիորեն սուբյեկտիվ են, և պետք է գնալ ոչ թե համեմատությունների, այլ պարզապես իրավիճակային դիտարկումների ճանապարհով՝ առավել լավ հասկանալու համար, այսպես ասած՝ աշխարհաքաղաքական միտումները, որոնցում Ուկրաինան ունի գերկարևոր նշանակություն:
Խոսքը այն մասին չէ, որ սպասենք տեսնենք, թե ինչ է լինում այնտեղ, որպեսզի այստեղ որոշենք մեր անելիքը: Ոչ, ուղղակի արդյունավետ որևէ բան անելու համար պետք է պարզապես ավելի լավ պատկերացնենք իրավիճակը և միտումները, քանի որ ակնհայտ է՝ այստեղ խաղը լայն է և զուտ ներհայաստանյան իրողությունների շրջանակում չէ:
Իհարկե, այս ամենը ընդամենը ֆոնային էֆեկտ է ունենալու Հայաստանի համար, որովհետև այս էֆեկտը Հայաստանի հասարակությունը դեռ պետք է կարողանա ծառայեցնել իրեն: Առավել ևս, որ նույնիսկ էֆեկտի բացակայությունը բացարձակապես չի նշանակի, որ Հայաստանի հասարակությունն այլևս անկարող է փոխել իր պետության ճակատագիրը:









































