Amazon ընկերությունը առաջիկա 3-6 ամսվա ընթացքում սեփական ապրանքանիշի ներքո կարող է սմարթֆոն թողարկել: Նման տվյալներ է ներկայացնում KGI Securities-ի վերլուծաբան Մին Չի Կուոն, որի տրամադրած տեղեկությունները շատ հաճախ հաստատվում են:
Ըստ նրա՝ նախևառաջ նորույթը «կապված կլինի» Amazon-ի սերվերներին, ինչը ընկերությանը թույլ կտա սարքավորումը հնարավորինս էժան վաճառել: Բացի այդ, ռիթեյլերը կսկսի մեծացնել մատակարարումները՝ ըստ սարքի ժողովրդականության աճի: Կուոյի խոսքերով՝ 2014-ի երկրորդ եռամսյակում կարտադրվի 300-600 հազար սմարթֆոն, իսկ 4-րդի վերջում՝ արդեն երկու միլիոն:
Վերլուծաբանն ընդգծել է, որ սարքավորման առավելությունը կլինի 6 տեսախցիկների առկայությունը: Մեկը՝ հիմնականը, նախատեսված կլինի լուսանկարներ և տեսագրություններ անելու համար, երկրորդը՝ առջևում տեղադրվածը, տեսաչաթի համար: Մյուս չորսը կճանաչեն մարդու ձեռքերի շարժումը: Դրանք թույլ կտան սմարթֆոնը կառավարել ժեստերով՝ առանց էկրանին դիպչելու:









































