Վրաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրային շրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է շուրջ 678 միլիոն դոլար, ինչը 3,5 տոկոսով ավելի է 2018 թվականի նույն տվյալների համեմատությամբ: Այդ մասին են վկայում Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության («Սաքստատի»)՝ հուլիսի 19-ին հրապարակված տվյալները՝ գրում է TASS-ը:
«Սաքստատի» տվյալներով՝ Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը կազմում է հանրապետության առևտրի ընդհանուր ծավալի 14,1 տոկոսը: Հունվարից մինչև հունիս Վրաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է շուրջ 262 միլիոն դոլար, ներմուծումը՝ ավելի քան 416 միլիոն դոլար: Վրաստանի ամենագլխավոր առևտրական գործընկերների թվում առաջին տեղում է Թուրքիան:
Առաջին կիսամյակում Թուրքիայի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 842 միլիոն դոլար, ինչը 1,9 տոկոսով պակաս է անցյալ տարվա ցուցանիշի համեմատությամբ: Երրորդ տեղն զբաղեցրել է Ադրբեջանը, որի հետ առևտրային շրջանառությունը գերազանցել է 508 միլիոն դոլարը, ինչը սակայն 7,8 տոկոսով պակաս է 2018 թվականի նույն տվյալների համեմատությամբ:









































