Անգլերեն լեզվի IELTS-ը (International English language testing system) հրաշալի թեստ է, որն ամբողջ աշխարհում ապացուցել է իր արդյունավետությունը: Այսօր IELTS քննության հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը՝ հավելելով, որ տարեկան աշխարհում միլիոնավոր մարդիկ հանձնում են այս քննությունը, իսկ Հայաստանում նրանց թիվը մոտ է հազարին:
«Յուրաքանչյուրս տարբեր ենք և յուրովի ենք լեզու սովորում: Ոմանք ժամանցի վայրերում մարդկանց հետ խոսելով, ոմանք՝ այլ կերպ: Սակայն ես նախ սկսում եմ սովորել տվյալ լեզվի քերականությունը: IELTS-ը անգլերեն սովորելու մի տարբերակ է: Սա անգլերենի քննությունների ոսկե չափանիշն է, սահմանված ստանդարտը: Այն շատ համապարփակ է, սպառիչ և ստուգում է՝ ինչքանով կարող է մարդը խոսակցություն վարել անգլիախոս անձի հետ: Սա մի քննություն է, որ իրապես սովորեցնում է, ոչ թե վանդակներ լրացնելու հնարավորություն տալիս»,- ասաց նա՝ հավելելով, որ տիրապետում է ֆրանսերենին, գերմաներենին, ճապոներենին, ռուսերենին և հայերենին:
Միջոցառմանը ներկա Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն էլ իր հերթին նկատեց, որ իրենք խորամուխ են Հայաստանում IELTS-ի առցանց ուսուցմանը: «Հույս ունենք, որ այս նախաձեռնությունն օգտակար կլինի հայաստանյան բուհերի համար: Առցանց պլատֆորմի միջոցով ուսանողները կարող են գրանցվել և անգլերեն պարապել, իսկ նրանց դասախոսները՝ հետևել ինչ արդյունքներ են գրանցում նրանք»,- ասաց նա՝ հավելելով, որ IELTS-ի շրջանակներում աշխատելու պայմանավորվածություններ կան Հայաստանում Ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի և Խ. Աբովյանի անվան համալսարանի հետ:











































