Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի երկրորդ նիստը: Այդ նիստին մասնակցել է նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջիկը՝ Իրինա Քոչարյանը, ով ԱԺ-ում ԲՀԿ փորձագետներից է, ինչպես նաև Երևանի ԲՀԿ-ական ավագանի: Քանի որ մասնակիցների թվում ԲՀԿ այլ ներկայացուցիչներ չեն եղել, «Առաջին լրատվականը» Իրինա Քոչարյանից հետաքրքրվեց, թե ի՞նքն է ներկայացնում ԲՀԿ-ին այս ակումբում: «Ես չեմ պատասխանում հարցերի»,- հայտարարեց Իրինան՝ հրաժարվելով շարունակել զրույցը:
Ըստ ԱԺ հաղորդագրության՝ ակումբի ՌԴ կողմից պատասխանատու քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, համոզմունք է հայտնել, որ ակումբը կարող է լինել այն կառույցը և հարթակը, որտեղ խորհրդարանականները կկարողանան միասին քննարկել եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակներում փոխադարձ հետքրքրություն ներկայացնող հարցեր և համատեղ ծրագրեր:
Հայ և ռուս խորհրդարանականները քննարկել են մի շարք օրակարգային, ակումբի գործունեությանը վերաբերող և կազմակերպչական հարցեր: Նրանք անդրադարձան խորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներին, կարևորեցին երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների խորացումը տարբեր ոլորտներում, մասնավորապես հումանիտար, կրթության և մշակույթի: Նիստում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին:







































