News Georgia-ի փոխանցմամբ՝ հանգստի սեզոնի բացման կապակցությամբ «Վրաստանի երկաթուղիներ» ընկերությունը հաջորդ շաբաթվանից սկսած՝ անցնում է աշխատանքային արտակարգ ռեժիմի։ Այս մասին հայտարարել է ընկերության մամլո ծառայությունը։
Ուղևորների աճող հոսքի փոխադրումն ապահովելու համար Թբիլիսի-Բաթում-Թբիլիսի ուղղությամբ գործելու են 4 գնացքներ՝ առավոտյան, ցերեկային և 2 գիշերային։ Դրա հետ մեկտեղ, մյուս երթուղիներով երթևեկող գնացքներին ավելացվելու են նոր վագոններ։
Փոփոխության է ենթարկվում նաև տոմսի գնման կարգը։ Այսուհետ, տոմսերը չեն պատվիրվի, և հուլիսի 11-ից սկսած՝ բոլոր ցանկացողները կարող են մեկնումից անգամ 40 օր առաջ երկու ուղղությամբ տոմսեր գնել։ Այս որոշման պատճառն այն է, որ ամեն տարի՝ հանգստի սեզոնի ժամանակ, տոմսերի պատվիրմամբ արհեստականորեն առաջանում է դեֆիցիտ։ Տոմսերի գնումը հնարավոր կլինի երկաթուղային տոմսարկղերի, Paybox էլեկտրոնային համակարգի, ինտերնետի և զբոսաշրջային գործակալությունների միջոցով։
Հիշեցնենք, որ վրացական կողմի կանխատեսումներով, այս տարի Վրաստան է այցելելու 3 միլիոն զբոսաշրջիկ, որոնք կարող են այցելելՎրաստանում առկա 12,000 պատմական հուշարձաններ, 150 թանգարաններ, 102 առողջարաններ, 182 առողջավայրեր՝ ծովափին ու լեռնային շրջաններում։