Սաուդյան Արաբիայում մշակել են սոցիալական ցանցերում պոռնոգրաֆիայի դեմ պայքարելու միջոց: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով առաքինությունը խրախուսող կոմիտեին, համացանցի տեղի օգտատերերը ակտիվորեն օգտագործում են Facebook սոցիալական ցանցը՝ պոռնոգրաֆիկ նյութերն ու դրանց հղումները փոխանցելու համար:
Թագավորությունում, որը հայտնի է իր պահպանողականությամբ, խստորեն արգելված է պոռնոգրաֆիայի ցանկացած ռեսուրս: Իշխանությունները բախվել են այն բանի հետ, որ անհնարին է ամբողջությամբ սահմանափակել սոցցանցերի հասանելիությունը: Սակայն ՆԳՆ-ն՝ համագործակցելով մի շարք կոմիտեների հետ, մշակել է պոռնոգրաֆիայի դեմ պայքարելու համակարգ:
«Մենք ստեղծել ենք մոնիթորինգի հատուկ բաժին, որի նպատակն է հետևել այն օգտատերերին, որոնք սոցիալական ցանցեր են այցելում սեքսուալ բնույթի արգելված նյութերով»,- ասել է «բարոյականության խնամակալների» ղեկավար Աբդուլլատիֆ Ալ-Շեյխը:
Նրա խոսքերով՝ իրենց խնդիրը ոչ թե իրավախախտներին հրապարակավ պատժելն է, այլ նրանց օգտահաշիվները արգելափակելը:









































