Ազգային ժողովի կողմից հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը պետք է հետ կանչվի։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի հակակոռուպցիոն փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարատ Ատովմյանը։
Սողոմոնյանի խոսքերով՝ Հայաստանում ինքնավար մարմինները պետք է ստեղծվեն բացառապես ներպետական օրենսդրության սահմաններում, և դրանց հետ կապված առանձնահատկությունները, երաշխիքները պետք է կարգավորվեն օրենքներով և ոչ թե Սահմանադրությամբ։ «Այս դեպքում իշխող ուժը մրցութային խորհուրդը վերացնում է՝ հիմնավորմամբ, որ շատ խրթին ինչ-որ պրոցեդուրաներ են նախատեսված։ Բայց մենք շատ մեծ վերապահում ունենք այս մասով։ Մրցութային խորհուրդը հնարավորություն էր տալիս ապահովելու հանձնաժողովի ապաքաղաքականացումը։ Հիմա մրցութային խորհուրդը վերացվում է, և 5 անդամներից 2-ին նշանակում է իշխող ուժը, ղեկավարին նշանակում է կառավարությունը, մեկին ընդդիմադիր խմբակցությունները և եթե համաձայնության չեն գալիս, ապա այդ անդամներին ևս նշանակում են իշխող ուժի կողմից։ Ստացվում է, որ ամբողջ հանձնաժողովը ձևավորվում է իշխող ուժի կողմից, և հանձնաժողովի անկախությունը արդեն իսկ հայտնվում է կասկածի տակ։ Առաջարկված ձևաչափը, մոդելը մեծ ստվեր է նետում մարմնի անկախության վրա»,- ասացին մեր զրուցակիցները։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։









































